Որեւէ տարօրինակ բան չկա, որ Գագիկ Բեգլարյանը ընտրվել է ՀՀԿ 13-րդ համագումարի պատվիրակ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով ՀՀԿ Կենտրոն տարածքային կազմակերպության «Սայաթ-Նովա-2» եւ «Մետաքս-1» սկզբնական կազմակերպությունների կայացրած որոշումը:
«Գագիկ Բեգլարյանը Երեւանի քաղաքապետի պաշտոնից ազատվելուց հետո էլ շարունակել է մնալ ՀՀԿ խորհրդի եւ գործադիր մարմնի անդամ»,- ասել է Շարմազանովը:
Նշենք, որ նույն ժողովում համագումարի պատվիրակ է ընտրվել նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Ժողովի օրակարգում եղել է ՀՀԿ 13-րդ համագումարի պատվիրակների ընտրության հարցը: Ժողովը քվեարկության արդյունքում Սերժ Սարգսյանին ընտրել է համագումարի պատվիրակ:
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար եւ պատասխանել ժողովի մասնակիցներին հետաքրքրող հարցերին:
Ավելի վաղ ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը NEWS.am-ին հայտնել էր, որ ՀՀԿ համագումարը կկայանա 2012 թվականի սկզբին:




























