Լեհաստանում պաշտոնապես սկսվել են մայիսի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները։ Մրցապայքարում կա 11 թեկնածու՝ հայտնում է Euronews-ը։

Հարցումների համաձայն՝ ընտրողների ֆավորիտն այսօր Վարշավայի քաղաքապետ Ռաֆալ Տշասկովսկին է, ով ներկայացնում է ներկայիս իշխող կոալիցիայի առաջատար կուսակցությունը՝ «Քաղաքացիական պլատֆորմը»։

Սա Տշասկովսկու առաջին նախագահական մրցավազքը չէ։ 2020 թվականին նա աջակողմյան «Իրավունք և արդարություն» կուսակցության թեկնածու Անջեյ Դուդայի հետ հասել է ընտրությունների երկրորդ փուլ և նվազագույն տարբերությամբ պարտվել նրան։

Քաղաքապետի գլխավոր մրցակիցը Լեհաստանի Ազգային հիշողության ինստիտուտի ղեկավար Կարոլ Նավրոցկին է։ Նա ներկայացնում է աջ թևը, ընտրություններին մասնակցում է որպես անկախ թեկնածու, բայց ստանում է «Իրավունք և արդարադատության» աջակցությունը:

Բացի վերը նշված թեկնածուներից,առաջադրվելու մտադրություն ունեն ներկայումս Սեյմի խոսնակ Շիմոն Հոլովնիան, ազգայնականների և եվրոսկեպտիկների «Կոնֆեդերացիա» կոալիցիայի ներկայացուցիչ Սլավոմիր Մենտցենը և «Ազատ հանրապետականներից» պատգամավոր Մարեկ Յակուբյակը։

Այս տարի ավարտվում է Լեհաստանի ներկայիս նախագահ Անջեյ Դուդայի երկրորդ ժամկետը, և օրենքով նա այլևս չի կարող առաջադրվել։ Պետության ղեկավարը Լեհաստանում աննշան դեր է խաղում քաղաքական վեկտորի որոշման գործում և իրավունք ունի վետոյի ենթարկել խորհրդարանական օրինագծերը և կառավարության նախաձեռնությունները։ Այսօրվա տվյալներով՝ մայիսի 18-ին ընտրություններին ծրագրում է մասնակցել ընտրողների 67 տոկոսը։