Շարքային Բրեդլի Մենինգը, ով մեղադրվում է WikiLeaks կայքին տեղեկություններ հաղորդելու մեջ, դեկտեմբերի 16-ին առաջին անգամ կանգնել է դատարանի առջեւ:
Հիշեցնենք, 23-ամյա Մենինգին կասկածում են դիվանագիտական պաշտպանվող ցանցերից Աֆղանստանի ու Իրաքի մասին ռազմական զեկույցները, օդային հարվածների տեսագրությունները ապօրինի ներբեռնելու եւ դրանք WikiLeaks կայքին փոխանցելու մեջ:
Այս գործով լսումները կտեւեն 5 օր, ինչից հետո որոշում կկայացվի, թե արդյոք Մենինգի գործը լիամասշտաբ գործընթացի կարիք ունի, գրում է BBC-ն:
Լսումների առաջին օրը Մենինգի փաստաբան Դեւիդ Քումբսը միջնորդել է, որպեսզի հեռացվի գործը նախագահող փոխգնդապետ Փոլ Ալմանզան: Ըստ փաստաբանի` ԱՄՆ արդարադատության նախարարությունում աշխատող Ալմանզան կողմնակալ կլինի, քանի որ ամերիկյան իշխանությունները շահագրգռված են WikiLeaks-ի հետ կապված գործի վերաբերյալ խիստ դատավճռի կայացման հարցում:
Մենինգի փաստաբանը Ալմանզայի կողմնակալության դրսեւորում համարեց նաեւ այն, որ վերջինս հրաժարվել է պաշտպանության 38 վկաներից 36-ին դատարան հրավիրել, մասնավորապես` նախագահ Բարաք Օբամային, պետքարտուղար Հիլարի Քլինթոնին եւ պաշտպանության նախկին նախարար Ռոբերտ Գեյթսին:
Ալմանզան հայտարարել է, որ արդարադատության նախարարության դիրքերից չի մոտենում WikiLeaks-ի եւ նրա հիմնադիր Ջուլիան Ասանժի գործին եւ ինքնաբացարկից հրաժարվել է:




























