Նյու Յորքի Christie`s աճուրդում լեգենդար դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորի զարդերի, զգեստների եւ աքսեսուարների վաճառքից ստացված ընդհանուր եկամուտը կազմել է 154,2 մլն դոլար: Աճուրդը շարունակվել է 4 օր եւ ավարտվել է դեկտեմբերի 16-ին:
Վերջին օրը աճուրդի էին դրվել դերասանուհուն պատկանած դեկորատիվ-կիրառական արվեստի գործերը, ինչպես նաեւ նրա մասնակցությամբ ֆիլմերի բուտաֆորիան, այդ թվում` դերասանուհու բեմական հագուստները: Այսպես, «Ազգային թավիշ» (1944) ֆիլմի սցենարը, որում նա նկարահանվել է 12 տարեկան հասակում, վաճառվել է 170,5 հազար դոլարով`50 անգամ գերազանցելով գնահատված արժեքը:
Հիշեցնենք, որ գնորդները առավել հետաքրքրված են եղել զարդերի հավաքածուով, որը 137,2 մլն դոլարով է վաճառվել:
Մեծ հետաքրքրություն է առաջացրել նաեւ երգչուհու զգեստների հավաքածուն: Դրանց վաճառքի ընդհանուր գումարը կազմել է 2,6 մլն դոլար:
Թեյլորի իրերի հավաքածուն ամբողջությամբ վաճառված կհամարվի այսօր` դեկտեմբերի 17-ին անցկացվող առցանց աճուրդից հետո:
Երկու շաբաթ առաջ բացված ինտերնետային աճուրդում դրվել էին «Հոլիվուդի թագուհու» 950 զարդեր, աքսեսուարներ եւ զգեստներ, տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Եկամտի մի մասը կհատկացվի ՁԻԱՀ-ի դեմ պայքարի դերասանուհու հիմնադրամին:
Հիշեցնենք, հանրահայտ դերասանուհին վախճանվել է այս տարվա մարտին, 75 տարեկան հասակում: Նա 50-ից ավելի ֆիլմերում է նկարահանվել, հինգ անգամ «Օսկար»-ի է առաջադրվել կնոջ լավագույն դեր անվանակարգում, երկու անգամ ստացել է ոսկե արձանիկը: Դերասանուհու մասնակցությամբ ամենահայտնի ֆիլմը «Կլեոպատրա»-ն է, որտեղ նա մարմնավորել է եգիպտական լեգենդար թագուհուն:




























