2012 թ. հունվարի 13-22-ը Ավստրիայի Ինսբրուկ քաղաքում կայանալիք ձմեռային պատանեկան օլիմպիական խաղերում Հայաստանը կունենա երեք պատվիրակ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց ՀԱՕԿ-ի ձմեռային մարզաձեւերի բաժնի պետ Հայկ Ջաղացպանյանը:
«Առաջին անգամ անցկացվելիք համաշխարհային պատանեկան այդ մարզահանդեսում Հայաստանը կներկայացնեն երեք մարզիկներ՝ երկու դահուկորդներ եւ մեկ բիաթլոնիստուհի: Նրանք այդ իրավունքը ձեռք են բերել վարկանիշային մրցաշարերում ունեցած հաջող ելույթների շնորհիվ: Մասնակիցների վերջնական կազմը կճշգրտվի դեկտեմբերի 20-ին, երբ կավարտվեն բոլոր վարկանիշային մրցաշարերը» - ասաց Ջաղացպանյանը:
Ըստ Ջաղացպանյանի, օլիմպիադային մասնակցելու իրավունք պիտի ստանային նաեւ 15-ամյա գեղասահորդներ Սլավիկ Հայրապետյանն ու Մարթա Գրիգորյանը, որոնք նույնպես բարձր անհատական վարկանիշներ ունեն, սակայն գեղասահքի միջազգային ֆեդերացիայի ընտրած նոր մրցակարգի պատճառով նրանք զրկվել են այդ հնարավորությունից:
Ձմեռային պատանեկան օլիմպիական առաջին խաղերում 8 մրցաձեւերում մեդալներ կվիճարկեն ավելի քան 1000 մարզիկներ:




























