ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «հավանական» է համարել, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կկիրառվեն, եթե Մոսկվան հրաժարվի բանակցություններ վարել Ուկրաինայում պատերազմի ավարտի շուրջ։ Այս մասին նա հայտարարել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում։
Թրամփի խոսքով՝ նա ակնկալում է շուտով խոսել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ եւ պատրաստ է հանդիպել նրա հետ «ցանկացած պահի», երբ ցանկանա ռուսական կողմը։ Թրամփը հիշեցրել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խաղաղություն է ցանկանում, սակայն ընդգծել է, որ «տանգոյի համար երկու հոգի է անհրաժեշտ»։ «Կտեսնենք, թե ինչ կլինի»,- ասել է Թրամփը՝ ավելացնելով, որ կարծում է, որ Պուտինը «խելացի է»։
Միաժամանակ, ԱՄՆ նախագահը չի բացառել, որ կշարունակի ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային։ «Մենք ուսումնասիրում ենք այսդհարցը»,- ասել է նա։ Նաեւ, ըստ Թրամփի, Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ վերջերս ունեցած զրույցի ժամանակ նա կոչ է արել Չինաստանի առաջնորդին օգնել վերջ տալ ռուս-ուկրաինական պատերազմին։ «Ես ասացի, որ դուք պետք է լուծեք դա: Որովհետեւ նա [Սին] շատ բան չի արել այս ուղղությամբ: Նա շատ ուժ ունի, ինչպես մենք»,- ընդգծել է Թրամփը։
Ըստ Bloomberg-ի աղբյուրների՝ ԱՄՆ նախագահի խորհրդականները նոր պատժամիջոցների ռազմավարություն են մշակում, որը նախատեսված է հեշտացնելու Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ խաղաղ համաձայնագրի ձեռքբերումը։ Դիտարկվում է երկու հիմնական մոտեցում. մեկը ենթադրում է պատժամիջոցների թուլացում Ռուսաստանի սահմանափակ նավթարդյունահանողների դեմ, եթե դա օգնի հասնել խաղաղության, եւ եթե Սպիտակ տունը տեսնի, որ ռազմական գործողությունները շուտով կավարտվեն: Երկրորդ տարբերակը ենթադրում է պատժամիջոցների խստացում՝ Մոսկվային համոզելու համար դադարեցնել պատերազմը։
Ինչպես նշել է Bloomberg-ը, Ռուսաստանի նկատմամբ կոշտ քաղաքականությունը կարող է ներառել երկրորդական պատժամիջոցների կիրառումը նավթի առեւտրում, ներառյալ եվրոպական նավագնացային ընկերությունների եւ ասիական գնորդների, այդ թվում՝ Չինաստանի եւ Հնդկաստանի խոշոր ընկերությունների դեմ: Մեկ այլ հնարավոր մոտեցում է ավելի վճռական լինել դանիական եւ թուրքական նեղուցներով ռուսական նավթ տեղափոխող լցանավերի նկատմամբ:
Կրեմլը հայտնել է, որ չի զարմանա ավելի կոշտ պատժամիջոցներից Թրամփի օրոք: «Այն, որ ամերիկյան վարչակազմը, ունենալով երկխոսության որոշակի քաղաքական կամք, էականորեն չի փոխի բնույթն այս առումով, ոչ մեկի համար գաղտնիք չէ։ Արմատական փոփոխություններ չեն կարող լինել»,- նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։




























