ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ նախորդ չորս տարիները, երբ Ջո Բայդենը գլխավորում էր ամերիկյան վարչակազմը, իր համար դժոխք են դարձել դատախազության պատճառով, եւ հավելել, որ միլիոնավոր դոլարներ է ծախսել փաստաբանների վրա։

«Ես անցա դժոխքի չորս տարիների միջով, միլիոնավոր դոլարներ ծախսեցի փաստաբանների վրա եւ հաղթեցի, բայց դա հեշտ չէր»,- ասել է նա երդմնակալությունից հետո Fox News-ի իր առաջին հարցազրույցում:

«Շատ դժվար է ասել, որ նրանք [Բայդենի վարչակազմը] չպետք է անցնեն նույն բանի միջով»,- ավելացրել է հանրապետականը։ ԱՄՆ նոր նախագահը հայտնել է, որ ԱՄՆ Կոնգրեսի հայեցողությանն է թողնում Բայդենի նկատմամբ հետաքննության անցկացման նպատակահարմարության մասին հարցը։

Բայդենի պաշտոնավարման ընթացքում Թրամփի հանդեպ հարուցվել է չորս քրեական գործ, նա նաեւ եղել է պատասխանող մի քանի վարչական գործերով։

Թրամփը դարձել է ԱՄՆ առաջին նախագահը, որը պաշտոնն ստանձնել է դատվածությամբ քրեական հանցագործությունների համար։ Հունվարի 10-ին Նյու Յորքի դատարանը նրա հանդեպ կայացրել է վճիռ անվերապահ ազատման մասին Trump Organization ընկերության ֆինանսական փաստաթղթերի կեղծման գործով՝ նախկին պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսին վճարելիս։