Տասնյակ հազարավոր հանցագործներ՝ ահաբեկիչներ եւ մարդասպաններ, գտնվում են ԱՄՆ-ում եւ անարգել շրջում են երկրում։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Վաշինգտոնի վարչակազմի նոր ղեկավար Դոնալդ Թրամփը։

«Մեր երկրում կան հազարավոր ահաբեկիչներ, տասնյակ հազարավոր մարդասպաններ»,- ասել է նա երդմնակալությունից հետո Fox News-ի իր առաջին հարցազրույցում՝ նշելով, որ հանցագործներն «ազատ են եւ շրջում են երկրով մեկ»։ «Նրանց 48 տոկոսը սպանել է մեկ եւ ավելի մարդու, նրանք դուրս են եկել այլ երկրների բանտերից եւ շրջում են [ԱՄՆ-ում]»,- ընդգծել է նա։

«Մարդիկ դատարկել են իրենց բանտերը։ Եթե ​​ես լինեի մեկ այլ երկրի նախագահ կամ վարչապետ, ես կդատարկեի իմ բանտերը [եւ թույլ կտայի հանցագործներին մտնել] ուղիղ ԱՄՆ, ինչո՞ւ ոչ: Եվ շատերն արել են դա»,- նշել է Թրամփը։

Հանրապետականն այս իրավիճակը պայմանավորել է դեմոկրատ Ջո Բայդենի նախորդ վարչակազմի քաղաքականությամբ։ «Ես կարծում եմ, որ այդ թիվը կազմում է 21 մլն մարդ, նրանց մեծ տոկոսը հանցագործներ են ամբողջ աշխարհից»,- ասել է նա։ «Բայդենը թույլ տվեց, որ դա տեղի ունենա։ Դեմոկրատները թույլ տվեցին, որ դա տեղի ունենա: Հիմա էլ փորձում են արդարացնել, բայց չի կարելի արդարացնել։ Դա անելու միայն երկու պատճառ կա՝ լինել հիմար կամ ատել քո երկիրը»,- համոզված է նախագահը։