Բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ հակակոռուպցիոն հետաքննության վարչությունը դատախազություն է փոխանցել Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլի նկատմամբ խռովության եւ լիազորությունների չարաշահման գործը։ Այս մասին հայտնել է Yonhap գործակալությունը։
Հունվարի 15-ին վարչությունը նախագահին ձերբակալել է երկրորդ փորձով եւ հարցաքննություն անցկացրել, որի ժամանակ Յուն Սոկ Յոլը հրաժարվել է ցուցմունք տալ։ Դրանից հետո գերատեսչությունը մի քանի անգամ անհաջող փորձել է կրկին հարցաքննել պետության ղեկավարին, թեեւ հունվարի 19-ին դատարանը որոշել է նրան կալանքի տակ վերցնել։
Իր եզրակացության մեջ վարչությունը նաեւ խնդրել է դատախազներին մեղադրանք առաջադրել խռովության եւ իշխանության չարաշահման հոդվածներով։ Հակակոռուպցիոն վարչությունը մեղադրանք առաջադրելու իրավասություն չունի, բայց կարող է հետաքննել կասկածների հիմնավորվածությունը։ Յուն Սոկ Յոլի փաստաբանները մերժել են այս իրավապահ մարմնի՝ ենթադրյալ խռովությունը հետաքննելու իրավունքը:
Յուն Սոկ Յոլի գործի հանձնումը դատախազություն սպասվում էր, սակայն ավելի ուշ։ Հունվարի 19-ին նախագահին բերման ենթարկելուց հետո սպասվում էր, որ վարչությունը կշարունակի հետաքննությունը եւս մոտ 10 օր։





























