ԱՄՆ ԱԱԽ նոր ղեկավարությունը աշխատանքից հեռացրել է տասնյակ աշխատակիցների, որոնք պատասխանատու էին Ուկրաինայի, Իրանի, Հյուսիսային Կորեայի վերաբերյալ քաղաքականության համար, Washington Post-ին (WP) ասել են իրազեկ աղբյուրները։ Նրանց խոսքով՝  ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդականի աշխատակազմի ղեկավար Բրայան Մակքորմակը հունվարի 22-ին կարճ խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում պաշտոնյաներին տեղեկացրել է, որ նրանք պետք է անհապաղ հեռանան շենքից, գնան տուն եւ «կապի մեջ» լինեն։ Մակքորմակը նաեւ ավելացրել է, որ նրանք կարող են վերադառնալ աշխատավայր միայն այն դեպքում, եթե նրանց այդ մասին խնդրեն պետերը, որոնք նշանակվել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից։

Որոշումն այնքան արագ է կայացվել, որ որոշ պաշտոնյաներ չեն կարողացել լքել Սպիտակ տան համալիրը սովորական եղանակով, քանի որ նրանց անցագրերն ապաակտիվացվել էին, ասել է WP զրուցակիցներից մեկը։ Արդյունքում՝ նրա խոսքով, Գաղտնի ծառայության աշխատակիցները ստիպված են եղել ձեռքով բացել դարպասները նրանց համար: Նա նաեւ նշել է, որ հաշվի առնելով խորհրդի աշխատանքի գաղտնի բնույթը՝ տուն ուղարկված պաշտոնյաները չեն կարողանա աշխատել հեռակա կարգով: Միեւնույն ժամանակ, կադրերի պակասը կարող է դժվարացնել Թրամփի թիմի համար անվտանգության զգալի խնդիրների լուծումը, ավելացրել է աղբյուրը։

Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Բրայան Հյուզը WP-ին ասել է, որ նախագահի խորհրդական Մայքլ Ուոլթցը թույլ է տվել «վերանայել» Սպիտակ տան տասնյակ պաշտոնյաների գործերը, որոնք պատասխանատու են տարբեր հարցերի համար: Այս վերանայման նպատակներից մեկն է հաստատել, որ աշխատակիցները «հանձնառու են իրականացնել Թրամփի «Առաջինն Ամերիկան» օրակարգը»,- նշել է Հյուզը: Նրա խոսքով՝ պաշտոնյաները ստուգվել են հունվարի 20-ի կեսօրից, երբ Թրամփը ստանձնել է նախագահի պաշտոնը։

Նախընտրական քարոզարշավի ժամանակ Թրամփը խոստացել էր աշխատանքից հեռացնել պետական ​​այն աշխատակիցներին, որոնք իրենց պաշտոններն էին զբաղեցնում իր նախորդի՝ Ջո Բայդենի օրոք։ Նա նաեւ սպառնացել է Միացյալ Նահանգների «ներքին թշնամիներին»։ Պաշտոնը ստանձնելուց ի վեր Թրամփը խոստացել է բացահայտել եւ աշխատանքից հեռացնել նախկին նախագահի ավելի քան 1 000 պաշտոնատար անձանց, որոնք «չեն համապատասխանում Ամերիկան ​​կրկին մեծ դարձնելու մեր տեսլականին»: