2025 թվականի հունվարի 24-ին լրանում է Հաշտարարի գրասենյակի գործունեության տասնվեց տարին։ 16 տարիների ընթացքում Հաշտարարի ինստիտուտը կայացել է և գրանցել բազմաթիվ ձեռքբերումներ։

Ստորև ներկայացվում է 2024 թվականի ընթացքում Գրասենյակ ներկայացված բողոքների և քննված պահանջների վիճակագրությունը, ինչպես նաև Գրասենյակի կողմից «Սպառողների ֆինանսական իրազեկման» ծրագրի շրջանակում իրականացված միջոցառումների վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն։

Գրասենյակ ներկայացված բողոքների և քննված պահանջների մասին վիճակագրություն

2024 թվականին Գրասենյակ է ներկայացվել 18,583 բողոք, որոնցից 16,816-ը վերաբերել է ֆինանսական համակարգին: Գրասենյակի աշխատակիցների օգնությամբ ֆինանսական կազմակերպություններին ուղղված բողոքներից 337-ը բավարարվել են մինչև Գրասենյակում քննության ընդունվելը։ Գրասենյակի կողմից 2024 թվականին քննության է ընդունվել 6,374 պահանջ, որոնց քննության արդյունքում գործերի 61,2%-ը լուծվել է հօգուտ հաճախորդների (քննության ընդունված 6,391 պահանջներից 381-ը 20.01.2025 թվականի դրությամբ դեռևս գտնվում է քննության փուլում): Ընդ որում, դրական ելքով գործերի 93.9%-ը լուծվել է կողմերի միջև հաշտությամբ: Պահանջի քննության միջին տևողությունը կազմել է 33 օր։ Նշենք, որ 2024 թվականին գրանցվել է զեղծարարության հետ կապված պահանջների աճ։ Ֆինանսական համակարգի հաշտարարը ևս մեկ անգամ հորդորում է չտրամադրել անձնական տվյալները և գաղտնաբառերը այլ անձանց և չլրացնել քարտային տվյալները ոչ հավաստի հղումներով ներկայացված հարթակներում, այլապես կարող եք կրել ֆինանսական կորուստներ։ 

Ֆինանսական համակարգի hաշտարարի գրասենյակ 0010, ՀՀ, ք. Երևան, Մ. Խորենացի փող. 15,  «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն, 7-րդ հարկ Հեռախոս` (374) 060-701111

«Սպառողների ֆինանսական իրազեկման» ծրագրի շրջանակում իրականացված  միջոցառումներ 

2024 թվականի ընթացքում «Սպառողների ֆինանսական իրազեկման» ծրագրի շրջանակում իրականացվել են ֆինանսական կրթման մի շարք միջոցառումներ,  մասնավորապես՝ «Աշակերտների հյուրընկալում Գրասենյակում», «Ֆինանսական գրագիտության եռօրյա դպրոց», «Հաշտ ճամբար», «Զրույց կանանց հետ ֆինանսական ծառայությունների մասին», հանդիպում-սեմինարներ քոլեջների և համալսարանների ուսանողների համար և այլ միջոցառումներ, որոնց ներգրավված են եղել տարբեր թիրախային խմբերի ավելի քան 3,300 մասնակիցների, այդ թվում՝ աշակերտներ, ուսանողներ, ուսուցիչներ, անապահով ընտանիքների երեխաներ, կանայք, գյուղական համայնքների բնակիչներ, տարբեր կազմակերպությունների աշխատակիցներ և այլն։