ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուրբաթ այցելել է Կալիֆոռնիայի նահանգ, որպեսզի տեսնի անտառային հրդեհների պատճառած վնասները, տեղեկացրել է NBC News-ը։
Լոս Անջելեսի օդանավակայանում Թրամփին դիմավորել է դեմոկրատ նահանգապետ Գեւին Նյուսոմը, որի հետ ԱՄՆ նախագահն իրեն ավելի քան հաշտ է պահել կարճ ելույթների ժամանակ օդանավակայանում, թղթակցիցների հետ զրույցում։
Նրանից ոչ մեծ հեռավորությամբ գտնվում են կրակի ոչնչացրած տեսարանները, որոնք, Թրամփի խոսքով, այնպիսի տեսք ունեն, ասես «ռումբ են գցել»։
Չի կարող լինել ոսկե դար առանց ոսկե նահանգի,- ասել է Թրամփը նահանգապետին։- Սա մեծ նահանգ է։ Սա ֆանտաստիկ տեղ է»։
Նյուսոմն ասել է Թրամփին. «Մեզ անհրաժեշտ կլինի ձեր օգնությունը»։
«Դուք մեր կողքին եք եղել COVID- ի ժամանակ,- ավելացրել է նա:- Ես չեմ մոռանում այդ մասին եւ հույս ունեմ, որ մենք կարող ենք միասին աշխատել արագ ապաքինման հասնելու համար»:
Ավերածությունները տեսնելուց հետո օրենսդիրների եւ պաշտոնյաների հետ անցկացրած կլոր սեղանի ժամանակ Թրամփն ասել է, որ կհայտարարի ազգային արտակարգ դրություն, որպեսզի արագացվի արձագանքն անտառային հրդեհներին, որոնք նա անվանել է «մահվան եւ ավերածությունների դժոխք»։ Նա նորից կոչ է արել փոխել նահանգի քաղաքականությունը ջրամատակարարման ոլորտում։





























