Ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները կարող են սկսվել ապրիլ-մայիսին, դրանց կարող է նախորդել ԱՄՆ եւ Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Այսպիսի կարծիք է հայտնել թուրքական իշխանամետ Hürriyet թերթը։
Բանակցություններին, ինչպես գրել է լրագրող Աբդուլքադիր Սելվին, կնախորդի հրադադարի մասին հայտարարությունը։ «Նախ կհայտարարվի հրադադարի մասին։ Այնուհետեւ կսկսվեն խաղաղ բանակցությունները։ Բանակցային գործընթացում Թուրքիան կարող է որոշակի առաքելություն ստանձնել, իսկ նախագահ [Ռեջեփ Թայիփ] Էրդողանին կարող է վերապահվել միջնորդի դեր, քանի որ նա միակ առաջնորդն է, որը կարող է շփվել ինչպես Պուտինի, այնպես էլ [Վլադիմիր] Զելենսկու հետ։ Հիմա նրանց ավելացել է Թրամփը»,- նշել է լրագրողը։
Նա հիշեցրել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցությունները Ստամբուլում անցկացվել են 2022թ.։ «Բայց քանի որ ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան պատերազմ էին ուզում, ոչ մի համաձայնություն ձեռք չբերվեց», - գրել է Սելվին: «Հիմա կան Թրամփն ու Պուտինը, որոնք խաղաղություն են ուզում. Զելենսկին, որը կորցրել է ամերիկյան աջակցությունը, բանակցությունների սեղանից փախչելու շանս չունի»,- նշել է թուրք լրագրողը։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն անցած շաբաթ հայտնելել էր, որ ուկրաինական հակամարտությունը մոտենում է շրջադարձային կետին, եւ Անկարան պատրաստ է աջակցել դրա լուծմանն ուղղված ջանքերին։





























