ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հռչակած կոշտ ճնշման քաղաքականությունն առեւտրային գործընկերների վրա կարող է խթանել միջազգային վճարումների՝ դոլարից հեռանալու միտումը։ Նման կարծիք է հայտնել ճապոնական առաջատար Nikkei Asia տնտեսական թերթը, որը նշել է, որ միջազգային հաշվարկներում չինական յուանի դերը մեծանում է, իսկ տարբեր երկրների ֆինանսական պահուստներում մեծանում է ոսկու մասնաբաժինը։
Դոլարից աստիճանական հեռանալը կարող է ուժեղանալ, եթե ամերիկյան նոր վարչակազմն իրականում վարի «ԱՄՆ-ը՝ բոլորից առաջ» ոճով տնտեսական քաղաքականություն, նշել է թերթը։ Պարբերականի համաձայն՝ ամերիկյան արժույթից հրաժարվելու միտումը խթանում է տարբեր երկրների մտահոգությունները՝ կապված ամերիկյան պատժամիջոցների տակ ընկնելու սպառնալիքի հետ։ Դրա դրսեւորումներից մեկը դարձավ չինական անկախ CIPS համակարգի միջոցով յուանով կատարվող վճարումների աճող ժողովրդականությունը, որն արդեն օգտագործում են ավելի քան 1,6 հազար ֆինանսական կազմակերպություններ, նշել է Nikkei Asia-ն։
SWIFT միջազգային միջբանկային հաշվարկային համակարգի համաձայն՝ 2024թ. արտաքին առեւտրային գործարքների ավելի քան 49 տոկոսն իրականացվել է ԱՄՆ արժույթով, սակայն 2024թ. նոյեմբերի դրությամբ յուանի մասնաբաժինը աճել է մինչեւ 6,4 տոկոս։ Ըստ այդ ցուցանիշի՝ այն աշխարհում զբաղեցրել է երկրորդ տեղը՝ եվրոն (6,3 տոկոս) հետ մղելով երրորդ հորիզոնական։
Ոսկու եւ արժույթի համաշխարհային պահուստներում 2024թ. սեպտեմբերի դրությամբ, Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով, դոլարը կազմում էր 57,4 տոկոս, սակայն 1999-2001թթ. այդ մասնաբաժինը գերազանցել է 70 տոկոսը։ Այս ընթացքում, նշել է թերթը, ավստրալական դոլարը, չինական յուանը եւ հարավկորեական վոնը զգալիորեն ավելացրել են իրենց կշիռը համաշխարհային պահուստներում։




























