Հետաքրքրաշարժ բանավեճ է ծավալվել ՀԱԿ անդամ Ֆելիքս Խաչատրյանի ու ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանի միջեւ, այսօր` դեկտեմբերի 19-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Սկզբում Համլետ Հարությունյանն ասաց, որ իր ընտանիքում 12 ընտրող ունի ու եթե նրանցից անգամ մեկը չմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ինքը կհամարի, որ իր գործը լիարժեք չի կատարել:

Բանավեճին հրավիրված ՀԱԿ ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանը Համլետ Հարությունյանից հետաքրքրվեց, թե իր ընտանիքի բոլոր անդամներն էլ նույն մարդո՞ւն են քվեարկելու, ինչին հնչեց պատասխան. «Գոնե իմը` այո»:

«Այ մեր դժբախտությունը սա է: Չի կարելի այդպես: Ի՞նչ է, Դուք ձեր կա՞մքն եք թելադրում ձեր հարսին, ձեր տղային, ձեր աղջկան»,- նկատեց Ֆելիքս Խաչատրյանը, ինչին ի պատասխան Համլետ Հարությունյանն ասաց, որ ընդհակառակը` իր ընտանիքի անդամներն են իրենց կամքը թելադրում իրեն:

«Այսինքն` Դուք իրենց կամակատա՞րն եք»,- հարցրեց Ֆելիքս Խաչատրյանը: «Այո»,- արձագանքեց Համլետ Հարութունյանը հարցնելով, թե ինչ է Ֆելիքս Խաչատրյանը իրենց տան կամակատարը չէ՞:

«Ոչ, ոչ: Ես ասում եմ գնացեք ընտրության: Ես ո՞նց կարող եմ իմ երիտասարդ հարսին, որին երեկ եմ բերել տուն, ասեմ գնա քվեարկի Լեւոն Տեր-Պետրոսյանի համար: Ոչ, ասում եմ դու մասնակցի ընտրություններին, ում ուզում ես ընտրի»: