Սենկակու կղզիները (Դիաոյու), որոնք գտնվում են ճապոնական վերահսկողության տակ և Տոկիոյի և Պեկինի միջև տարածքային վեճի առարկա են, ընդգրկված են Ճապոնիա-ԱՄՆ անվտանգության պայմանագրով։ Համապատասխան դիրքորոշումը, ինչպես հայտնում է Kyodo գործակալությունը, հաստատվել է Ճապոնիայի պաշտպանության նախարար Գեն Նակատանիի և Պենտագոնի նոր ղեկավար Փիթ Հեգսեթի առաջին հեռախոսազրույցների ժամանակ։

Խոսքը ԱՄՆ-ի և Ճապոնիայի միջև փոխադարձ համագործակցության և անվտանգության մասին պայմանագրի հինգերորդ հոդվածի մասին է, ըստ որի՝ կողմերից յուրաքանչյուրը դաշնակցի դեմ ցանկացած ռազմական ագրեսիա դիտարկում է որպես իր ազգային անվտանգությանը սպառնացող վտանգ և իրավունք ունի գործելու այդ կապակցությամբ իր իսկ սահմանադրության դրույթներին համապատասխան։

Արևելաչինական ծովում գտնվող Սենկակու կղզիները, որոնց հավակնում են Պեկինը և Տոկիոն, գտնվում են Ճապոնիայի կառավարման ներքո 1972 թվականից: Ճապոնիայի և Չինաստանի միջև տարածքային վեճը սրվեց այն բանից հետո, երբ 2012 թվականի սեպտեմբերին Տոկիոն հայտարարեց, որ կղզիները գնում է մասնավոր սեփականատերերից։ Դրանից հետո ՉԺՀ-ում տեղի ունեցան հակաճապոնական զանգվածային ցույցեր։ Այդ ժամանակից ի վեր չինական նավերը մշտապես շրջում են վիճելի կղզիների մոտ և պարբերաբար ցուցադրական այցելություններ են կատարում ափամերձ գոտի։