Կրիպտոարժույթի ընկերությունները միլիոնավոր դոլարներ են նվիրաբերել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության կոմիտեին։ Այս մասին հինգշաբթի օրը հայտնել է Bloomberg-ը։

Նրա խոսքով՝ Coinbase Inc.-ը, Crypto.com-ը, Galaxy Digital-ը, Paradigm Operations-ը և Payward Inc.-ը 1-ական միլիոն դոլար են ուղարկել Թրամփին, իսկ Robinhood Markets-ը կատարել է 2 միլիոն դոլար նվիրատվություն: Հրատարակությունը հիշեցնում է, որ նախկինում Թրամփը թերահավատորեն էր վերաբերվում կրիպտոարդյունաբերությանը, սակայն նրա դիրքորոշումը հետագայում փոխվեց։ Վերադառնալով Սպիտակ տուն՝ նա ստորագրեց գործադիր հրաման՝ Միացյալ Նահանգները «մոլորակի կրիպտո մայրաքաղաք» դարձնելու մասին և ներդրող Դեյվիդ Սաքսին նշանակեց՝ որպես պատասխանատու արհեստական ինտելեկտի և կրիպտոարժույթների ոլորտում ԱՄՆ վարչակազմի քաղաքականության համար:

 Ինչպես նշում է Bloomberg-ը՝ երդմնակալության հանձնաժողովը նաև նվիրատվություններ է ստացել այլ բիզնեսներից՝ հույս ունենալով, որ Թրամփի վարչակազմի կողմից կարժանանան  ավելի բարենպաստ վերաբերմունքի: Օրինակ, ամերիկյան նավթագազային Chevron հսկան նվիրաբերել է 2 միլիոն դոլար, ինչը շատ ավելին է, քան 525 հազար դոլարը, որը կազմակերպությունը հատկացրել է Թրամփի առաջին երդմնակալության համար։ Դոնորների թվում են նաև Amazon տեխնոլոգիական հսկան, ChatGPT ծառայության OpenAI մշակողը, Meta կորպորացիան (Ռուսաստանի Դաշնությունում ճանաչված ծայրահեղական), Goldman Sachs Group բանկային խումբը և Johnson & Johnson և Bayer Corporation դեղագործական ընկերությունները։