Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող է չեղարկել ԱՄՆ նախկին պետքարտուղար Էնթոնի Բլինքենի արգելքը Իսրայելին 24 000 գրոհային հրացան մատակարարելու վերաբերյալ, գրել է The New York Times-ը՝ հղում կատարելով անանուն ամերիկացի պաշտոնյային։
Պարբերականի տեղեկացմամբ՝ Բլինքենը պետդեպարտամենտին հանձնարարել է չմատակարարել զենքը, որն Իսրայելը պատվիրել էր 2023թ. հոկտեմբերին երեք տրանշով՝ ընդհանուր 34 մլն դոլարի չափով։
Դեմոկրատ օրենսդիրները մտավախություն ունեին, որ հրացանները կարող են ընկնել իսրայելցի վերաբնակների ձեռքը օկուպացված Արեւմտյան ափում կամ կարող էին օգտագործվել իսրայելական ոստիկանության կողմից պաղեստինցիների նկատմամբ բռնությունների համար, նշվել է ամերիկյան լրատվամիջոցի հոդվածում:
2023թ. հոկտեմբերին ծայրահեղ աջ քաղաքական գործիչ եւ Իսրայելի անվտանգության նախկին նախարար Իտամար Բեն-Գվիրը հայտնել էր, որ կստեղծի եւ կզինի քաղաքացիական աշխարհազոր՝ պաշտպանելու համար օկուպացված Արեւմտյան ափի վերաբնակներին:





























