Իլոն Մասկի օգնականները, որոնց հանձնարարվել էր ղեկավարել ԱՄՆ կառավարության կադրային գործակալությունը, արգելափակել են պետծառայողների համար համակարգչային համակարգերի հասանելիությունը, որոնք պարունակում են միլիոնավոր դաշնային աշխատակիցների անձնական տվյալները, հայտնել է Reuters-ը՝ հղում կատարելով գործակալության երկու պաշտոնյաների:
11 օր առաջ պաշտոնն ստանձնելով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ձեռնամուխ է եղել կառավարության հսկայածավալ վերակառուցմանը՝ աշխատանքից հեռացնելով հարյուրավոր պետական աշխատողների բյուրոկրատական ապարատը կրճատելու եւ ավելի հավատարիմ մարդկանց նշանակելու իր առաջին քայլերի շրջանակում:
Միլիարդատեր, Tesla-ի գործադիր տնօրեն եւ X սոցցանցի սեփականատեր Իլոն Մասկը, որին Թրամփը հանձնարարել է կրճատել 2,2 միլիոն թվակազմով կառավարությունը, օպերատիվորեն դաշնակիցներ է նշանակել գործակալությունում, որը հայտնի է որպես Անձնակազմի հետ աշխատանքի վարչություն:
Reuters-ի հետ անանունության հիմամբ զրուցած պաշտոնյաների խոսքով՝ վարչության որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ զրկվել են գերատեսչության որոշ համակարգերի տվյալների հասանելիությունից։
Այդ համակարգերը ներառում են ընդարձակ տվյալների բազա, որը կոչվում է Enterprise Human Resources Integration, այն պարունակում է պետծառայողների ծննդյան ամսաթվերը, սոցիալական ապահովության համարները, գնահատականները, հասցեները, վարձատրության չափը եւ պետաշխատողների ծառայության ստաժը, նշել են պաշտոնյաները:
«Մենք ոչ մի տեղեկություն չունենք, թե ինչ են անում համակարգչային համակարգերի եւ տվյալների հետ,- ասել է պաշտոնյաներից մեկը։- Սա խիստ մտահոգիչ է։ Ոչ մի վերահսկողություն չկա։ Սա իրական հետեւանքներ է ստեղծում կիբեռանվտանգության եւ հաքերային հարձակման համար»:
Այս քայլից տուժած պաշտոնյաները դեռ կարող են մուտք գործել եւ ունենալ այդ համակարգի հասանելիություն այնպիսի գործառույթներում, ինչպիսին է էլեկտրոնային փոստը, բայց այլեւս չեն կարող տեսնել տվյալների հսկայական զանգվածը, որոնք ընդգրկում են դաշնային ծառայողների գործունեության բոլոր ասպեկտները։





























