Ճապոնիան խորապես անհանգստացած է համաշխարհային առևտրի վրա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած կոշտ մաքսատուրքերի հնարավոր ազդեցությունից, որոնք ուղղված են հիմնական առևտրային գործընկերներին՝ Կանադային, Մեքսիկային և Չինաստանին, կիրակի ասել է ֆինանսների նախարար Կացունոբու Կատոն, հայտնում է AFP-ն։

«Մենք խորապես անհանգստացած ենք, թե ինչպես կարող են այդ մաքսատուրքերը ազդել համաշխարհային տնտեսության վրա»,- հայտարարել է Ճապոնիայի ֆինանսների նախարար Կացունոբու Կատոն Fuji TV հեռուստաալիքի կիրակնօրյա շոուի ժամանակ։

Կատոն նաև ընդգծել է արժութային շուկայի վրա Թրամփի սակագնային քաղաքականության հնարավոր հետևանքների մանրամասն գնահատման անհրաժեշտությունը։

«Ճապոնիան պետք է մանրամասն ուսումնասիրի այս քաղաքականությունը և դրա հետևանքները և համապատասխան միջոցներ ձեռնարկի»,- Կատոյի խոսքն է մեջբերում Fuji TV-ն։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը 25% մաքսատուրք  էր սահմանել Կանադայից և Մեքսիկայից ներկրվող ապրանքների համար, ինչպես նաև լրացուցիչ 10% մաքսատուրք՝  Չինաստանից ապրանքների համար։

Վերոնշյալ բոլոր երկրները խոստացել են ձեռնարկել սեփական հակաքայլերը։