ԱՄՆ կրթության նախարարության բազմազանության եւ ներառականության դասընթացներին մասնակցած աշխատակիցները վճարովի արձակուրդ են ուղարկվել: Այս մասին կիրակի հայտնել է NBC հեռուստաալիքը՝ հղում կատարելով աղբյուրներին։

Նրանց տեղեկացմամբ՝ միջոցը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ բազմազանության, հավասարության եւ ներառականության ծրագրերի (Diversity, Equality and Inclusion, DEI) դեմ պայքարի մի մասն է: Առնվազն 55 մարդ արձակուրդ է ուղարկվել, որոնց թիվը, ինչպես ակնկալվում է, կարող է աճել։ Դոնալդ Թրամփի նախագահության առաջին ժամկետի ընթացքում նրանք մասնակցել են «բազմազանության դասընթացներին՝ կրթության նախկին նախարար Բեթսի Դեւոսի դրդմամբ»: Ինչպես վկայում է NBC-ի ստացած նամակը, արձակուրդի ընթացքում նրանք կզրկվեն աշխատանքային էլեկտրական փոստի հասանելիությունից եւ չեն կատարի որեւէ պաշտոնական պարտականություն, չեն լինի աշխատավայրում։

«Այնպիսի տպավորություն է, ասես նրանք թակարդ են սարքում մարդկանց համար, քանի որ այդ մարդկանց խորհուրդ են տվել անցնել այս ուսուցումը, եւ այժմ նրանք հավանաբար օգտագործում են դասընթացներին մասնակցելը որպես պատրվակ, մարդկանց վարչական արձակուրդ ուղարկելու համար»,- հեռուստաընկերությանն ասել է պետծառայողների ամերիկյան ֆեդերացիայի բաժանմունքներից մեկի տնօրեն Շերիա Սմիթը:

Հունվարի 20-ին իր երդմնակալությունից հետո Թրամփը ստորագրել է մի քանի հրամանագրեր, այդ թվում՝ ներառական եւ բազմազանության ծրագրերը դաշնային գործակալություններում դադարեցնելու եւ ԱՄՆ-ում միայն երկու սեռ ՝ արական եւ իգական, ճանաչելու մասին: