Միջազգային զարգացման ամերիկյան գործակալության (USAID) ծրագրերի մի զգալի մասը չի համապատասխանում Միացյալ Նահանգների հիմնական շահերին։ Այս մասին նշվել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի ծառայության տարածած գրավոր հայտարարությունում։

«ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) վաղուց շեղվել է իր սկզբնական նպատակից՝ արտերկրում ամերիկյան շահերի պատասխանատու առաջմղումից: Այժմ ակնհայտ է, որ USAID ֆինանսավորման զգալի մասը չի համապատասխանում Միացյալ Նահանգների հիմնական ազգային շահերին»,- նշել է արտաքին քաղաքականության գերատեսչությունը:

Ավելի վաղ ԱՄՆ վարչակազմը փաստացի դադարեցրել էր USAID գործունեությունը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ կառույցի ժամանակավոր ղեկավար է նշանակվել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ USAID-ի վերաբերյալ կազմակերպչական եզրակացություններն արվել են ամերիկացի միլիարդատեր, գործարար Իլոն Մասկի առաջարկով, որին Թրամփը նախկինում նշանակել էր նոր ՝ ԱՄՆ կառավարության արդյունավետության բարելավման դեպարտամենտի (Department of Government Efficiency) ղեկավար, պետական ​​ուռճացած ապարատը կրճատելու եւ բյուրոկրատիայի դեմ պայքարելու նպատակով:

Թրամփի վարչակազմի գործողությունները USAID հարցում, որը Վաշինգտոնի արտաքին քաղաքականության եւ այլ երկրների վրա ԱՄՆ ազդեցության գործիքներից մեկն էր, բողոքի ալիք է առաջացրել Դեմոկրատական ​​կուսակցության անդամների շրջանում։ USAID-ը ֆորմալ առումով անկախ գործակալություն է, բայց իրականում ​​գործում է ԱՄՆ պետդեպարտամենտի շրջանակում: