ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կշարունակի դատի տալ նահանգներին ու քաղաքներին, որոնք խոչընդոտում են անօրինական ներգաղթի դեմ պայքարին։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է երկրի արդարադատության նախարար եւ գլխավոր դատախազ Փեմ Բոնդին։

«Նրանք ընտրում են ապօրինիներին նախապատվություն տալ սեփական քաղաքացիներից և իրավապահներից, ովքեր փորձում են պաշտպանել նրանց: Մենք այսօր ոչ միայն դատի ենք տվել Չիկագո քաղաքին, այլև դատի ենք տվել Իլինոյս նահանգին, քաղաքապետին, նահանգապետին և այլոց: Եվ եթե դուք չհամապատասխանեք դաշնային օրենքներին, հաջորդը դուք կլինեք»,- ասել է Արդարադատության դեպարտամենտի ղեկավարը՝ Fox News-ին տված հարցազրույցում։

Հինգշաբթի ավելի վաղ Թրամփի վարչակազմը մեղադրել էր Իլինոյսին և Չիկագոյին «ներգաղթի մասին օրենքները կիրառելու դաշնային ջանքերին խոչընդոտելու մեջ»: Բոնդիի կարծիքով, այսպես կոչված, ապաստան քաղաքների քաղաքականությունը դժվարացնում է «քաղաքային, նահանգային և ազգային մակարդակների իրավապահ մարմինների համար միասին աշխատանքը» և թույլ չի տալիս դաշնային պաշտոնյաներին «ամերիկացիներին անվտանգ պահել»: