Շատ եվրոպացի քաղաքական գործիչներ չորեքշաբթի երեկոյան արձագանքել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին Պուտինի հետ իր մոտալուտ հանդիպման մասին եւ Թրամփի եւ նրա պաշտպանության նախարար Փիտ Հեգսեթի պատճառաբանությանը, թե անիրատեսական է վերադարձնել կորցրած հողերն Ուկրաինային։ Ոմանք հայտնել են, որ խաղաղության բանակցություններն անհնար են առանց Ուկրաինայի եւ Եվրոպայի, իսկ ոմանք նշել են, որ նման բանավոր զիջումները նույնիսկ բանակցությունների մեկնարկից առաջ նշանակում են դավաճանություն ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Արեւմուտքի շահերին, հայտնել է BBC-ի ռուսական ծառայությունը։
Այդ նույն ժամանակ, երբ Թրամփը Վաշինգտոնում խոսում էր Պուտինի հետ իր զրույցի մասին, եվրոպական առաջատար երկրների արտգործնախարարները Փարիզում կայացած հանդիպմանը քննարկել են պատերազմը։ Եզրափակիչ հայտարարությունում նրանք հավաստիացրել են, որ իրենց երկրները պատրաստ են մեծացնել օգնությունն Ուկրաինային եւ աջակցել նրա տարածքային ամբողջականությանը։
«Մենք պատրաստ ենք մեծացնել մեր օգնությունն Ուկրաինային։ Մենք հայտարարում ենք աջակցություն նրա անկախությանը, ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը ռուսական ռազմական ագրեսիայի պայմաններում։ «Մեր ընդհանուր նպատակն է շարունակել աջակցել Ուկրաինային՝ մինչեւ արդար, համապարփակ եւ կայուն խաղաղության հասնելը»,- նշվել է Ֆրանսիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Իտալիայի, Իսպանիայի եւ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարների, ինչպես նաեւ Եվրամիության արտաքին քաղաքականության եւ պաշտպանության գերատեսչությունների ղեկավարների հայտարարությունում։
Խորհրդակցության մասնակիցներն ընդգծել են, որ իրենց տեսանկյունից Եվրոպան անպայման պետք է մասնակցի խաղաղ բանակցություններին, եւ որ իրենք մտադիր են դա քննարկել ամերիկյան դաշնակիցների հետ։
«Ուկրաինայի անկախությունն ու տարածքային ամբողջականությունը քննարկման ենթակա չեն։ Այժմ մեր առաջնահերթությունը պետք է լինի Ուկրաինայի հզորացումը եւ անվտանգության արդյունավետ երաշխիքների ապահովումը։ Եվրոպան պետք է կենտրոնական դեր խաղա ցանկացած բանակցություններում»,- այսպես է ամփոփել փարիզյան հանդիպման արդյունքները ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար, Էստոնիայի նախկին վարչապետ Կայա Կալասը։
Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բարբոքը, մեկնաբանելով Թրամփի հայտարարությունները, ընդգծել է, որ, իր կարծիքով, առանձին բանակցություններ չեն կարող վարվել։
«Խաղաղության կարելի է հասնել միայն համատեղ ջանքերով. Այսինքն՝ Ուկրաինայի եւ եվրոպացիների հետ։ Որպեսզի խաղաղությունը վերադառնա Եվրոպա, մենք պետք է միասին քայլենք այս ճանապարհով»,- ասել է Բերբոքը Politico-ին:
Նույն ոգով է խոսել Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։
«Մենք բոլորս պարզապես խաղաղություն ենք ուզում։ ԱՐԴԱՐԱՑԻ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ։ Ուկրաինան, Եվրոպան եւ Միացյալ Նահանգները պետք է միասին աշխատեն այդ ուղղությամբ։ ՄԻԱՍԻՆ»,- գրել է Տուսկը X ցանցում։
Շվեդիայի նախկին վարչապետ եւ Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհրդի համանախագահ Կառլ Բիլդտը Թրամփի եւ Հեգսեթի հայտարարությունները համեմատել է Հիտլերի հետ 1938թ. Մյունխենում բանակցությունների ժամանակ եվրոպացի առաջնորդների գործողություններում, եւ համեմատությունը հօգուտ Թրամփի չէր:
«Սա, իհարկե, նորարարական մոտեցում է բանակցություններին. շատ մեծ զիջումների գնալ նույնիսկ դրանց սկսվելուց առաջ: Նույնիսկ Չեմբեռլենն այդքան «չէր իջել» 1938թ.։ Եվ այդ Մյունխենը վատ ավարտ ունեցավ»,- գրել է Բիլդը X ցանցում։
Թրամփի ներքաղաքական հակառակորդ, դեմոկրատ սենատոր Ադամ Շիֆը նախագահին եւ պաշտպանության նախարարին մեղադրել է Ուկրաինայի շահերին դավաճանելու մեջ։
«Եկեք իրերն իրենց անուններով կոչենք. սա Ուկրաինայի շահերի եւ մեր շահերի հանձնումն է նույնիսկ բանակցությունների մեկնարկից առաջ։ Թրամփն, իհարկե, մեծ գործարքներ է կնքում` գործարքներ հօգուտ Կրեմլի», - գրել է Շիֆը թվիթի միջոցով:
Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեն Poitico-ի հարցազրույցում ընդգծել է, որ Ուկրաինան պետք է մասնակցի ցանկացած խաղաղ բանակցությունների, եւ որպեսզի բանակցությունները հաջողությամբ պսակվեն, Ռուսաստանը պետք է ուժասպառ լինի պատերազմից։
«Խաղաղության համաձայնագիր ձեռք բերելու համար մենք պետք է թուլացնենք Ռուսաստանին մարտի դաշտում։ Ռուսական քաղաքականություն, տնտեսագիտություն, կրոն, լրատվամիջոցներ, մասնավոր հատված. այս ամենն այժմ կենտրոնացած է պատերազմի վրա: Ուստի Ռուսաստանին պետք է պարտադրել խաղաղություն»,- ասել է Բրաժեն։
«Խաղաղության ճանապարհը ռուսական ռազմական հզորության կրճատումն է։ Ուկրաինայի իշխանության մեջ ներդրումները ներդրումներ են խաղաղության մեջ։ Եվ Ռուսաստանի թուլացումն է ներդրում խաղաղության մեջ։ Եվ այստեղ կարեւոր բաղադրիչը պատժամիջոցներն են եւ դրանց հաջող կիրառումը»,- շարունակել է լատվիացի նախարարը։
Թրամփի կուսակից, հանրապետական կոնգրեսական Ջո Ուիլսոնը սատարել է նախագահին, բայց միաժամանակ ասել է, որ ԱՄՆ-ը պետք է ուժեղացնի ինչպես Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այնպես էլ Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը։
«Նախագահ Թրամփը փորձառու բանակցող է, որը տիրապետում է գործարքի արվեստին»,- գրել է Ուիլսոնը, որի թվիթը նկատել է «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ն։ «Մենք պետք է նրան առավելագույն լծակներ տրամադրենք՝ Ռուսաստանի դեմ համապարփակ պատժամիջոցներ նախապատրաստելով եւ արագ սպառազինության լիազորություններ տալով»։




























