Կառավարության արդյունավետության բարձրացման գերատեսչության (DOGE) ղեկավար Իլոն Մասկի պահանջը ամերիկացի պետական ​​ծառայողներից՝ զեկուցել շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքի մասին, կաթվածահար է արել ԱՄՆ դաշնային գերատեսչությունների գործունեությունը։ Այս մասին հայտնել է CNN հեռուստաալիքը։

Ավելի վաղ Մասկը հայտնել էր, որ էլեկտրոնային նամակներ է ուղարկում ամերիկյան կառավարության աշխատակիցներին՝ պահանջելով հաշվետվություն ներկայացնել շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքի մասին։ Նա զգուշացրել է, որ չպատասխանելը կընդունվի որպես հրաժարական տալու համաձայնություն։

Reuters գործակալության տվյալներով՝ շաբաթ երեկոյան համապատասխան նամակներ ստացել են ամերիկյան մի շարք գերատեսչությունների պետծառայողներ։ Ի պատասխան՝ պետծառայողները մինչեւ երկուշաբթի օրվա վերջ պետք է ներկայացնեին կատարված աշխատանքի հաշվետվությունը, որը պարունակում էր հինգ հիմնական կետեր։

«Սա քաոս է»,- CNN-ին ասել է ԱՄՆ հարկային վարչության աշխատակիցը։

Ինչպես հեռուստաալիքին հայտնել են պաշտոնյաները, իրենք չեն կարողացել հասկանալ, թե արդյոք պետք է պատասխանել Մասկի նամակին: Ոմանց ասվել է, որ հետեւեն հրահանգներին, մյուսներին խորհուրդ է տրվել դա չանել, իսկ ոմանք էլ սպասել են մինչեւ օրվա վերջ՝ իրենց բաժնի պետերի հրամաններին: Արդյունքում՝ Մասկի վերջնաժամկետից մի քանի ժամ առաջ պետական ​​աշխատողները անտեղյակության մեջ էին, թե ինչ պետք է անեն:

«Մեր ղեկավարն ասաց, որ դա պարտադիր է։ Հետո կադրային ծառայության վարչությունում ասացին, որ դա ինքնակամ է։ Հետո, կարծես, [ԱՄՆ նախագահ Դոնալդ] Թրամփը նորից մեզ ասաց, որ դա պարտադիր է։ Ոչ ոք չգիտի, թե ով է գլխավորը եւ ում պետք է լսել»,- ասել է ԱՄՆ վետերանների գործերի նախարարության աշխատակիցներից մեկը։