Գերմանիայում ոստիկանությունը մարտական պատրաստության է բերվել այս շաբաթ ավանդական կառնավալային տոնակատարություններից առաջ, երբ «Իսլամական պետություն» խմբավորմանն առնչվող սոցիալական ցանցերը կոչ են արել հարձակումներ գործել Քյոլնում և Նյուրնբերգում տոնակատարության մասնակիցների վրա, հայտնել են ոստիկանության պաշտոնյաները:
Bild պարբերականը գրում է, որ ԻՊ-ի կողմից ղեկավարվող գերմանալեզու քարոզչական կայքը համակարգչային կոլաժ է հրապարակել՝ իր լսարանին կոչ անելով «ընտրել հարձակման իրենց հաջորդ թիրախը», ինչպես նաև նշել առաջիկա կառնավալային միջոցառումների ամսաթվերն ու վայրերը:
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում մարտի սկզբին նախատեսվող սիրո փառատոնը արյունոտ դանակով և #LetsSlaughter հեշթեգով կոլաժում նույնպես որպես թիրախ է ներկայացվել:
Գերմանիան փետրվարի 23-ին անցկացվելիք համապետական ընտրություններից առաջ ենթարկվել է մի շարք աղմկահարույց հարձակումների, դրանց թվում՝ իսլամիստներին առնչվող ավտոմեքենայով վրաերթի և դանակահարության:
Մեկշաբաթյա կառնավալային տոնակատարությունները, որոնք մեկնարկում են հինգշաբթի, անցկացվում են Գերմանիայի՝ հիմնականում կաթոլիկ բնակչություն ունեցող հարավային և արևմտյան շրջանների մի մասում, տոնակատարության մասնակիցները լցվում են փողոցները՝ ուրախանալու, ոգլից խմիչք օգտագործելու և պարելու համար: Տոնակատարությունը հատկապես տարածված է Ռեյն գետի ափամերձ քաղաքներում, մասնավորապես՝ Քյոլնում և Դյուսելդորֆում, որտեղ տոնակատարությունների գագաթնակետը հաջորդ շաբաթ «Վարդերի երկուշաբթի» է, երբ տասնյակ հազարավոր մարդիկ մասնակցում են փողոցային շքերթներին զվարճալի կամ երգիծական ատրակցիոններով:
Քյոլնի ոստիկանությունը հայտնել է, որ օպերատիվ պլանավորումը հարմարեցվել է՝ սպառնալիքի նկատառումներով, սակայն նրանք հայատրարել են, որ կոլաժը գուցե ավելի շուտ խուճապահարություն է, որի նպատակը բնակչությանը հունից հակել է, ոչ թե անխուսափելի սպառնալիքի վկայություն:
Ավելի քան 1400 ոստիկաններ կտեղակայվեն հայտնի թեժ կետերում, արտակարգ իրավիճակների ծառայությունները գործի կդրվեն ամբողջ հզորությամբ, իսկ ոստիկանությունը կխուզարկի կառնավալի մասնակիցների պայուսակները և անձնական իրերը:





























