ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն հաքերներին մեղադրել է Հյուսիսային Կորեայի հետ կապերի մեջ՝ երբևէ հաղորդված կրիպտոարժույթի խոշորագույն գողություններից մեկի՝ Դուբայում տեղակայված ընկերությունից մոտ 1,5 միլիարդ դոլար արժողությամբ Ethereum-ի (կրիպտոարժույթ և հարթակ՝ բլոկչեյնի ապակենտրոնացված հավելվածներում) գողանալու համար, հայտնում է Associated Press գործակալությունը:

Այս ամսվա սկզբին աշխարհի խոշորագույն կրիպտոարժույթների բորսաներից մեկից՝ Bybit-ից կատարված գողությունը ևս մեկ դեպք է, որն առնչվում է հաքերների խմբի հետ, որին ԱՄՆ կառավարությունը նույնականացրել է որպես TraderTraitor և Lazarus Group:

Հաքերները գողանում են կրիպտոարժույթները՝ «կրիպտոարժույթի առևտրային հավելվածներ տարածելու միջոցով: Դրանք մոդիֆիկացվել են՝ կրիպտոարժույթի գողությունը հեշտացնող չարամիտ համակարգչային ապահովման ծրագրերին միանալով», -հայտարարել են Հետաքննությունների դաշնային բյուրոյում:

ՀԴԲ-ն հայտարարել է նաև, որ Հյուսիսային Կորեայի աջակցություն վայելող հաքերները «պատասխանատու են եղել գողության համար»:

«TraderTraitor-ի մասնակիցներն արագ են գործում և արդեն գողացված ակտիվների մի մասը վերածել են բիթքոյնի և այլ վիրտուալ ակտիվների, որոնք բաշխված են բազմաթիվ բլոկչեյնների հազարավոր հասցեներով»,-ասված է ՀԴԲ-ի հայտարարության մեջ:

Ենթադրվում է, որ այդ ակտիվները կլվացվեն և ի վերջո կվերածվեն ֆիատային արժույթի (կառավարության թողարկած երաշխավորված արժեք: Նման փողի արժեքը կախված չէ դրա նյութից կամ պետական ​​և բանկային պահուստների չափից-Խմբ.):

Հյուսիսային Կորեայի պետական ​​լրատվամիջոցները ո՛չ գողության և ո՛չ էլ ՀԴԲ-ի մեղադրանքները չեն հաստատել:

Ժնևում տեղակայված ՄԱԿ-ում Փհենյանի ներկայացչությունը Associated Press-ի մեկնաբանության խնդրանքին չի պատասխանել: