Դատավորը որոշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը չի զրկվի ԿՀՎ 19 աշխատակցի աշխատանքից ազատելու հնարավորությունից, ովքեր աշխատել են գործակալությունում բազմազանության, հավասարության և ներառական ծրագրերի վրա, հայտնում է NBC News-ը։

Վճիռը կայացրել է Վիրջինիայի դաշնային դատավորը՝ ԿՀՎ աշխատակիցների՝ դատարան հայց ներկայացնելուց հետո:

Դատավոր Էնթոնի Թրենգան ասել է, որ «եթե արդարությունն ու բարոյականությունը չափանիշներ լինեին», որոնցով ինքը պետք է առաջնորդվեր, գուցե այլ որոշում ընդուներ, բայց օրենքն այլ բան է թելադրում:

«Դժբախտաբար վերջին անգամ նրանց ուղղորդել են DEI ծրագրին»,- նշել է դատավոր Թրենգան՝ այն «բարդ իրավիճակ» որակելով:

Տասը հայցվորներ այսօր դատարան էին ներկայացել ընտանիքի անդամների հետ։ Երբ նրանք լքել են դատարանի դահլիճը, ներկաներից մի քանիսը կառավարության փաստաբաններին ասել են, որ նրանք պետք է «ամոթից գետինը մտնեն»:

ԿՀՎ աշխատակիցների փաստաբան Քևին Քերոլը նիստից հետո լրագրողներին հայտարարել է, որ հարգում է դատարանի որոշումը՝ հավելելով, որ կքննարկի հետագա քայլերը։

Թրամփը բազմաթիվ գործադիր հրամաններ է արձակել, որոնք ուղղված են կառավարության բազմազանության, արդարության և ներառական բնագավառում նախաձեռնությունների կրճատմանը: