Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը զեկույցի նախագծում հանգել է եզրակացության, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը չի կարող առաջ շարժվել ժողովրդավարական մշտական թերությունների և մարդու իրավունքների ոտնահարումնումների պատճառով՝ չնայած Անկարայի վերջին դիվանագիտական նախաձեռնություններին:
Եվրախորհրդարանի Թուրքիայի հարցով զեկուցող Նաչո Սանչես Ամորի զեկույցի նախագիծը գնահատում է Թուրքիայի առաջընթացը ԵՄ-ին անդամակցելու ուղղությամբ և եզրակացնում, որ նրա անդամակցության գործընթացը մնում է սառեցված՝ ժողովրդավարության հետընթացի, մարդու իրավունքների ոտնահարման և դատական անկախության բացակայության շուրջ մշտական մտահոգությունների պատճառով:
Զեկույցում, որն ընդգրկում է Եվրահանձնաժողովի գնահատականները 2023 և 2024 թվականների համար, նշվում են Թուրքիայի վերջին դիվանագիտական ժեստերը, ներառյալ կառավարության հայտարարությունները, որոնք վերահաստատում են ԵՄ-ին անդամակցելու իր հանձնառությունը:
Միևնույն ժամանակ կոմիտեն հայտարարել է, որ այս հայտարարությունները չեն ուղեկցվել էական բարեփոխումներով, որոնք անհրաժեշտ են ԵՄ Կոպենհագենյան չափանիշներին համապատասխանելու համար, և որոնք թեկնածու երկրներից պահանջում են պաշտպանել ժողովրդավարական ինստիտուտները, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքները:
Թուրքիայի իշխանությունների վերջին հայտարարությունը ԵՄ անդամակցության վերաբերյալ երկուշաբթի հնչեց երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից, որը հայտարարել է, որ Թուրքիան Եվրամիությանը տնտեսական և քաղաքական դժվարություններից փրկելու բանալին է։ Իր նախարարների հետ հանդիպումից հետո թուրքական լրատվամիջոցների հետ զրույցում Էրդողանը հրչակեց Թուրքիայի «ռազմավարական նշանակության մասին» և նշեց, որ ԵՄ-ին երկրի լիիրավ անդամակցությունը ծերացող Եվրոպային կենսական տնտեսական և ժողովրդագրական աջակցություն կապահովի:





























