Ես հասկանում եմ՝ ինչի է պատրաստ Եվրոպան, ուզում եմ նախագահ Թրամփին հարցնել՝ ինչի է պատրաստ Միացյալ Նահագները։ Ըստ BBC-ի՝ դրա մասին ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նա հավելել է, որ Ռուսաստանը, որն, իր գնահատականով, կորցրել է 700 հազար զինվոր, պետք է հատուցի Ուկրաինայի վերականգնման համար։

Զելենսկին ԱՄՆ-ին կոչ է արել երաշխիքներ տրամադրել Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային խաղաղապահների ներդրման համար՝ հաստատելով, որ առանց ամերիկյան երաշխիքների եվրոպացիները չեն ցանկանում զորքեր մտցնել Ուկրաինա։ 

«Մեզ սոսկ հրադադար չէ պետք: Մենք արդեն արել ենք նման բան, Ռուսաստանը 25 անգամ խախտել է այն»,- նշել է նա։

Զելենսկիի կարծիքով՝ հանքային ռեսուրսների վերաբերյալ ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը ներդրումների և բիզնեսի համար նոր հնարավորություններ կբացի։

«Փաստաթուղթը հնարավորություն է տալիս, մասնավորապես, Ուկրաինայում բացել էներգետիկ տերմինալներ, որոնք նախկինում չեն եղել երկրում։ Մենք իսկապես լավ համաձայնություն ենք տեսնում։ Սա շատ կարևոր է մեզ համար և, կարծում եմ, նաև Եվրոպայի անվտանգության համար։ Մենք ունենք գազի ամենամեծ պահոցը Եվրոպայում և կարող ենք օգտագործել այն։ Դուք կարող եք աջակցել էներգետիկայում, և մենք կանենք դա, ինչպես մեզ աջակցեց Եվրոպան»,- նշել է Ուկրաինայի նախագահը։