BBC-ն Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերին հարցրել է անցյալ շաբաթ Սպիտակ տանը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև կոշտ վիճաբանության մասին։

Նա խոստովանել է, որ «անհարմար է զգացել» Սպիտակ տանը կատարվող սկանդալը դիտելիս։

Ըստ նրա, ուշադրության կենտրոնում պետք է լինի Ուկրաինայում «կայուն խաղաղությունը», որն, իր կարծիքով, անհրաժեշտ է Եվրոպայի անվտանգության համար: Երբ նրան հարցրել են Թրամփի և Զելենսկիի վիճաբանության մասին, նա ասել է, որ «ոչ ոք չի ուզում դա տեսնել» և հայտնել է, որ դրանից հետո հեռախոսով խոսել է Թրամփի և Զելենսկիի հետ։

Նա չի հայտնել այդ զրույցների մանրամասները, բայց ասել է, որ նպատակն է եղել «հաղթահարել լարվածությունը և բոլորի ուշադրությունը վերադարձնել Ուկրաինային աջակցելու գործին՝ երկարաժամկետ հեռանկարում մարտական գործողությունները դադարեցնելու համար»:

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին բանակցությունների ընթացքում ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահները սկսեցին բարձրաձայն վիճաբանել։ Թրամփը Զելենսկիին մեղադրեց երախտամոռության մեջ։ Վեճին միացավ նաև ԱՄՆ փոխնախագահը։

Ավելի ուշ Թրամփը հայտարարեց, որ Զելենսկին պատրաստ չէ խաղաղության։

Կարճ ժամանակ անց Թրամփի և Զելենսկիի մամուլի ասուլիսը չեղարկվեց, իսկ օգտակար հանածոների մասին գործարքը հետաձգվեց։ Սկանդալային բանակցություններից հետո Զելենսկիի գլխավորած պատվիրակությանը կարգադրել են լքել Սպիտակ տունը։

Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հարցազրույց է տվել CNN-ին, որի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահը պետք է ներողություն խնդրի ԱՄՆ նախագահից։ Միաժամանակ, Ուկրաինայի նախագահը Fox News-ին տված հարցազրույցում ասել է, որ հարկ չի համարում ներողություն խնդրել Դոնալդ Թրամփից։