Միացյալ Նահանգները և Ուկրաինան պետք է վերադառնան եվրոպացիների հետ բանակցությունների սեղանի շուրջ, հայտարարել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան՝ Լոնդոնում Մեծ Բրիտանիայի վարչապետի և բալթյան մյուս երկու երկրների՝ Էստոնիայի և Լատվիայի, ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո։

«Կարևոր քննարկում ունեցա Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի և բալթյան երկրների ղեկավարների հետ։

Իմ եզրակացությունները.

- Մենք պետք է ջանք չխնայենք ամուր անդրատլանտյան կապերը պահպանելու համար։

- ԱՄՆ-ն ու Ուկրաինան եվրոպացիների հետ միասին պետք է վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ։

- ՆԱՏՕ-ի արևելյան թևի անվտանգությունը առաջնահերթություն է։

- Խաղաղության եվրոպական պարտադրանքը Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հավանական տարրն է»,- գրել է Նաուսեդան X սոցիալական ցանցում։

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին Սպիտակ տանը ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահների բանակցությունները ձախողվեցին՝ վերածվելով երկու ղեկավարների կոշտ վիճաբանության։

Դոնալդ Թրամփը Վլադիմիր Զելենսկիին մեղադրել է երախտամոռության մեջ։ Վեճին միացել է նաև ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ.Վենսը։

Ավելի ուշ Թրամփը հայտարարել է, որ Զելենսկին պատրաստ չէ խաղաղության։

Կարճ ժամանակ անց Թրամփի և Զելենսկիի մամուլի ասուլիսը չեղարկվեց, իսկ հանքային գործարքը հետաձգվեց։ Սկանդալային բանակցություններից հետո Զելենսկիի գլխավորած պատվիրակությանը կարգադրել են լքել Սպիտակ տունը։

Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հարցազրույց է տվել CNN-ին, որի ժամանակ ասել է, որ Ուկրաինայի նախագահը պետք է ներողություն խնդրի ԱՄՆ նախագահից։ Միաժամանակ, Ուկրաինայի նախագահը Fox News-ին տված հարցազրույցում ասել է, որ հարկ չի համարում ներողություն խնդրել Դոնալդ Թրամփից։

Հաջորդ օրը Զելենսկին մեկնել է Լոնդոն՝ բանակցություններ վարելու Մեծ Բրիտանիայի վարչապետի և թագավորի հետ և մասնակցելու եվրոպացի առաջնորդների գագաթնաժողովին։