ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում գրել է, որ ստեղծելու է կրիպտոարժույթի պահուստային ֆոնդ։

«ԱՄՆ կրիպտոպահուստը կբարձրացնի այս կարևոր ոլորտը Բայդենի վարչակազմի կողմից տարիներ շարունակ կոռուպցիոն հարձակումներից հետո, այդ իսկ պատճառով թվային ակտիվների մասին իմ հրամանով ես նախագահական աշխատանքային խմբին կարգադրեցի առաջ շարժվել կրիպտո ռազմավարական պահուստի ստեղծման ուղղությամբ, որը ներառում է XRP, SOL և ADA արժույթները: Ես հոգ կտանեմ, որ ԱՄՆ-ն դառնա աշխարհի կրիպտո մայրաքաղաքը. «Մենք ԱՄԵՐԻԿԱՆ ՆՈՐԻՑ ՄԵԾ ԿԴԱՐՁՆԵՆՔ»՝ նշել է ԱՄՆ նախագահը։

Հունվարի վերջին Թրամփը ստորագրել էր գործադիր հրաման, որի նպատակն է ամրապնդել Միացյալ Նահանգների դիրքերը թվային ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում և երկիրը վերածել «մոլորակի կրիպտո մայրաքաղաքի»։

«Նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրաման, որը կոչված է թվային ֆինանսական տեխնոլոգիաների կարգավորման հարցում հստակություն մտցնելուն և թվային ակտիվների տնտեսության ոլորտում Ամերիկայի դիրքը որպես համաշխարհային առաջատարի, ապահովելուն՝ նպաստելով բոլոր ամերիկացիների համար նորարարության և տնտեսական հնարավորությունների զարգացմանը»,- ասվում է փաստաթղթում։

Ընդգծվում է, որ ԱՄՆ նախագահը կատարում է ԱՄՆ-ն «մոլորակի կրիպտո մայրաքաղաք» դարձնելու իր խոստումը։

Ինչպես նշվում է փաստաթղթի տեքստում, հրամանագրով ենթադրվում է թվային ակտիվների շուկաների հարցով նախագահական աշխատանքային խումբ ստեղծել՝ թվային ֆինանսների ոլորտում ԱՄՆ-ի առաջատարությունը ամրապնդելու համար: