Վատիկանը հրապարակել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի առաջին լուսանկարը՝ մեկ ամիս առաջ հիվանդանոց տեղափոխվելուց հետո։

Լուսանկարում պոնտիֆիկոսը նստած է հաշմանդամի սայլակում Հռոմի Ջեմելի հիվանդանոցի մատուռի զոհասեղանի դիմաց, որտեղ նա բուժվում է թոքաբորբից։

Կիրակի օրը իր գրավոր «Անգելուս» ուղերձում Հռոմի պապն ասել է, որ իրեն «փորձության շրջան» է սպասվում, շնորհակալություն է հայտնել  բարի կամեցողներին իրենց աղոթքների համար և աղոթել խաղաղության համար «պատերազմից ավերված երկրներում»:

«Եկեք շարունակենք աղոթել խաղաղության համար, հատկապես պատերազմից տուժած երկրներում՝ հյուծված Ուկրաինա, Պաղեստին, Իսրայել, Լիբանան, Մյանմար, Սուդան և Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետություն», - նշել է նա:

Հինգերորդ կիրակին անընդմեջ պապն անձամբ չի մասնակցում  շաբաթական օրհնության արարողությանը։ Այս շաբաթվա սկզբին Վատիկանը հայտարարեց, որ ռենտգեն հետազոտությունը հաստատել է նրա վիճակի «բարելավումը», սակայն նա դեռևս հիվանդանոցային բուժման կարիք ունի:

88-ամյա Ֆրանցիսկոս պապը փետրվարի 14-ին հիվանդանոց ընդունվելուց հետո չէր երևացել հանրության առաջ, և մինչև կիրակի ոչ մի լուսանկար չէր հրապարակվել:

Հռոմի Ջեմելի հիվանդանոց ընդունվելուց հետո Հռոմի պապը բուժվել է կրկնակի թոքաբորբից և այլ վարակներից: Նա նաև մի քանի շնչառական ճգնաժամ է ունեցել, ինչը մտահոգություն է առաջացրել նրա կյանքի վերաբերյալ:

Այս ամսվա սկզբին Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում հնչեց ձայնագրություն, որում Հռոմի պապը խոսում էր իր մայրենի իսպաներենով:

Նրա ձայնը խռպոտ էր, երբ նա շնորհակալություն էր հայտնում կաթոլիկ հավատացյալներին իրենց աղոթքների համար, հաղորդում է BBC News-ը: