Ուկրաինայի իշխանությունները մի շարք «կարմիր գծեր» են սահմանել Ռուսաստանի հետ հրադադարի վերաբերյալ ցանկացած հնարավոր բանակցությունների համար։ Այս մասին գրում է բրիտանական The Independent թերթը՝ վկայակոչելով Ուկրաինայի կառավարության բարձրաստիճան աղբյուրները։
Հրատարակության աղբյուրների համաձայն, առանցքային պայմաններից է լրացուցիչ տարածքային զիջումներ անելուց հրաժարվելը, չնայած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ցանկությանն՝ ամբողջությամբ հետ վերցնել ուկրաինական չորս շրջանները, որոնցից երկուսը մասնակիորեն օկուպացվել են ռուս զինվորականների կողմից 2014 թվականից և 2022 թվականին լայնամասշտաբ ներխուժումից հետո անեքսիայի են ենթարկվել Մոսկվային։
Աղբյուրները նշում են, որ իրենք «ընդունել են» ներկայիս ռազմաճակատի գծերի սառեցումը և Ռուսաստանի կողմից որոշ օկուպացված տարածքներ կառչելը հանուն հրադադարի, սակայն ավելի շատ տարածքներ հանձնելը «կարմիր գիծ» է։ «Անհիմն է պահանջել, օրինակ, Զապորոժիեի կամ Խերսոնի ամբողջական փոխանցումը։ Սա մեզ համար կատարյալ անհեթեթություն է թվում»,- ասել են նրանք՝ հավելելով, որ 2022 թվականի փետրվարից հետո Ռուսաստանի կողմից զավթված տարածքների ճակատագիրը դեռ որոշված չէ։ «Մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի դրանք վերադարձնենք դիվանագիտական ճանապարհով»,- նշել են ուկրաինացի պաշտոնյաները։
Մյուս «կարմիր գծերը», որոնց Կիևը հավատարիմ կմնա, ըստ թերթի աղբյուրների, ներառում է Ռուսաստանի կողմից առևանգված հազարավոր ուկրաինացի երեխաների և հազարավոր ապօրինի կալանավորված խաղաղ բնակիչների վերադարձը, որոնք չեն համարվում ռազմագերիներ և, հետևաբար, ենթակա չեն գերիների փոխանակման։ Բացի այդ, Ուկրաինայի իշխանությունները պահանջում են անվտանգության միջազգային երաշխիքներ, եթե ՌԴ իշխանությունները խախտեն հրադադարի մասին որեւէ պայմանավորվածություն։
«Մենք իսկապես պատրաստ ենք խաղաղության, բայց մեզ պետք է երկարաժամկետ խաղաղություն, ոչ թե կարճաժամկետ հրադադար։ Մենք չենք ցանկանում, որ մեր երեխաները պայքարեն այս ճակատամարտում», - ասել է բարձրաստիճան աղբյուրը հրապարակմանը` անանունության պայմանով, քանի որ նա իրավասու չէ խոսել լրատվամիջոցների հետ:
Ինչպես ընդգծել են The Independent-ի աղբյուրները, իրենք քիչ են հավատում, որ Մոսկվան իրականում կընդունի համաձայնագիրը, և ռուսական իշխանություններից «հերթական հնարք են ակնկալում»։





























