ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Կիևին մոտավորապես 3,5 միլիարդ եվրոյի չափով մակրոֆինանսական օգնության վճարմանը, ասվում է այս մարմնի կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ։

Սա Ուկրաինայի աջակցության հիմնադրամի միջոցով տրամադրվող չվերադարձվող վարկերի և դրամաշնորհների երրորդ մասնաբաժինն է։

Նշվում է, որ այս վճարման հետ մեկտեղ 2024 թվականին հիմնադրամի աշխատանքի մեկնարկից ի վեր Կիևին տրամադրված միջոցների ընդհանուր ծավալը կկազմի 20 միլիարդ եվրո, հայտնում է DW-ն։

ԵՄ խորհուրդը եզրակացրել է, որ Կիևը բավարարել է անհրաժեշտ պայմանները՝ Ուկրաինայի աջակցության հիմնադրամից երրորդ հատկացումն ստանալու համար։ Մասնավորապես, ինչպես հետևում է փաստաթղթից, հարցը վերաբերում է վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման ընդլայնմանն ուղղված բարեփոխումներին, էներգետիկայի կարգավորիչի ինքնավարության բարձրացմանը, ԵՄ չափանիշներին համապատասխան սահմանների հատման ընթացակարգերի պարզեցմանը և գյուղատնտեսության և գյուղական շրջանների զարգացման ռազմավարության ընդունմանը, ներառյալ գյուղատնտեսական հողերի ականազերծումը, ինչպես նաև շարունակելու աշխատանքը երկրի ռազմավարական և կարևոր հումքային ռեսուրսների ցանկի կազմման ուղղությամբ:

2024 թվականի փետրվարին ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Ուկրաինային 50 միլիարդ եվրոյի օգնության հիմնադրամի ստեղծմանը։ Այս միջոցները, որոնք հաշվարկված են չորս տարվա համար՝ 2024-ից 2027 թվականներին, նախատեսվում է Կիևին տրամադրել դրամաշնորհների և վարկերի տեսքով։ Նրանք պետք է ապահովեն ինչպես ուկրաինական պետության կարճաժամկետ կարիքները, այնպես էլ երկրի վերակառուցման ու արդիականացման միջնաժամկետ խնդիրների լուծումը։