Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն աշխատում է Սպիտակ տանը հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, իրավիճակին ծանոթ թուրք պաշտոնյաների խոսքով՝ հնարավոր է ապրիլի վերջին, տեղեկացրել է Bloomberg-ը։
Էրդողանը կարծում է, որ Անկարայի եւ Վաշինգտոնի միջեւ ռազմավարական գործընկերության ամրապնդումը կարեւոր է տարածաշրջանային կայունության համար, քանի որ Թուրքիան փորձում է միջնորդել Ուկրաինայից մինչեւ Սիրիա հարցերում, ասել են աղբյուրները: Նրանք նշել են, որ երկրի դերը, որպես ՆԱՏՕի առանցքային օղակի, հատկապես կարեւոր է, քանի որ Միացյալ Նահանգները վերանայում է Եվրոպայի հանդեպ իր պարտավորությունները: Էրդողանի գրասենյակը հրաժարվել է մեկնաբանություններից։
ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները սրվել են Անկարայի կողմից ռուսական ՀՀՊ համակարգի գնման եւ սիրիական քրդերի աշխարհազորայիններին Վաշինգտոնի աջակցության պատճառով, որը Թուրքիան, ի թիվս այլ վեճերի, դիտարկում է որպես սպառնալիք երկրի համար:
Կիրակի Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ Էրդողանը կոչ է արել ԱՄՆ նախագահին չեղարկել պատժամիջոցները, որոնք կիրառվել էին նրա առաջին ժամկետի ընթացքում Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության դեմ՝ ռուսական համակարգերի գնման հետեւանքով։ Նա նաեւ խնդրել է դադարեցնել Թուրքիային F-35 կործանիչների մշակումից դուրս թողնելը եւ ավարտել նոր F-16 կործանիչների վաճառքը։





























