Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել է, որ Կրեմլի տիրակալ Վլադիմիր Պուտինը «խաղեր է խաղում» Ուկրաինայում հրադադարի հետ կապված, քանի որ Ռուսաստանի զինված ուժերը անօդաչու սարքերով հարվածներ են հասցրել ուկրաինական քաղաքներին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր զանգից հետո, հայտնում է AFP-ն։
Նա նշել է, որ Պուտինի հետ Թրամփի զրույցից հետո Ռուսաստանի հարձակումները ուկրաինական քաղաքների վրա «բոլորովին չեն թուլացել»։
«Պուտինը խաղեր է տալիս»,- նշել է գերմանացի նախարարը։
Նրա խոսքով՝ Ամերիկայի նախագահը «պատասխանատու է աշխարհի ամենամեծ ազգերից մեկի համար»։
«Եվ ես բացարձակապես համոզված եմ, որ կգա ժամանակ, երբ նա ստիպված կլինի արձագանքել»,- հավելել է Պիստորիուսը։
Նախարարը նաև «անընդունելի» է անվանել Կրեմլի պնդումը, որ խաղաղության «առանցքային պայմանը» ուկրաինական բանակին արևմտյան ռազմական և հետախուզական աջակցության լիակատար դադարեցումն է։
«Ամեն ինչ շատ պարզ է», - ասել է Պիստորիուսը՝ հավելելով, որ Պուտինի նպատակն է կանխել Կիևի կողմնակիցներին «հետագայում աջակցել Ուկրաինային և հնարավորություն տալ նրան իսկապես պաշտպանվել, եթե հրադադարի ընթացքում կամ դրանից հետո նոր հարձակում լինի»:




























