Արգենտինայի կառավարության անդամ Իվան Հեյնը, ում դեկտեմբերի 20-ին մահացած գտել էին Մոնտեվիդեոյի հյուրանոցներից մեկում, պատահաբար մահացել է սեռական խաղի ընթացքում:
Հիշեցնենք, Արգենտինայի արտաքին առեւտրի նախարարի տեղակալ Իվան Հեյնը մասնակցում էր Ուրուգվայի մայրաքաղաքում տեղի ունեցող «Մերկոսուր» գագաթաժողովին: Գործը վարող դատավորը լրագրողներին հայտնել է, որ Հեյնը մահվան պահին սենյակում միայնակ է եղել: Նրան գտել էին մերկ վիճակում, սեփական գոտիով զգեստապահարանից կախված` մարմնի վրա սերմնահեղուկի հետքեր:
Ուրուգվայական ոստիկանները լրագրողներին ոչ պաշտոնապես հայտնել են, որ արգենտինացի պաշտոնյայի մահվան հիմնական վարկածը սեռական շնչահեղձուկը կամ ասֆիքսիան է, որի ընթացքում սահմանափակվում է թոքերին եւ գլխուղեղին մատակարարվող թթվածինը` սեռական լիցքաթափման զգացողություններն ուժեղացնելու համար: Ըստ նրանց` շատ հավանական է, որ «ինքն իրեն խեղդելիս Հեյնը չի հաշվարկել ուժերը եւ չի կարողացել վերահսկել իրավիճակը»:
Տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ, 33-ամյա Իվան Հեյնը արգենտինական կառավարության «տնտեսագետ-աստղն» էր: Նրա մարմինը հողին է հանձնվել Բուենոս Այրեսում: Հուղարկավորության կազմակերպմամբ զբաղվել է նրա հարսնացու Լուանա Վոլնովիչը, որի հետ երեք տարի միասին էին ապրում:
ԱՄՆ-ում, մասնագետների գնահատմամբ, ամեն տարի 200-1000 աուտոէրոտիկակական մահվան դեպք է գրանցվում` կապված սեռական շնչահեղձուկի հետ:
Այսպես, դեկտեմբերի 4-ին Դեվիդ Քերադայնը` «Սպանել Բիլին» ֆիլմում Բիլի դերակատարը, գտնվել էր Թայլանդի մայրաքաղաք Բանգկոկի հյուրանոցային համարներից մեկի զգեստապահարանում`պարանոցի շուրջը փաթաթած պարանով: Փորձագետները ենթադրում են, որ դերասանը մահացել է ինքնաբավարարվելիս:
Որպես կանոն, ասֆիքսիոֆիլները շրջապատից գաղտնի են պահում իրենց այդ նախասիրությունը եւ դրա մասին հայտնի է դառնում միայն այդ գործողությունների ընթացքում վրա հասած մահվան ժամանակ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:




























