Լոս Անջելեսից Չինաստան թռչող United Airlines ավիաընկերության ինքնաթիռը ստիպված է եղել վերադառնալ այն բանից հետո, երբ պարզվել է, որ օդաչուներից մեկն իր հետ չի վերցրել անձնագիրը։ Այս մասին CNN-ին հայտնել են ավիաընկերության ներկայացուցիչները։
Boeing 787-ը շաբաթ օրը օդ է բարձրացել Լոս Անջելեսի օդանավակայանից։ Ինքնաթիռում եղել են 257 ուղեւոր եւ անձնակազմի 13 անդամ։ Ինքնաթիռը շարժվում էր դեպի Շանհայ՝ թռչելով Խաղաղ օվկիանոսի վրայով։
Սակայն թռիչքից երկու ժամ հետո ինքնաթիռը շրջվել է եւ ուղղվել դեպի Սան Ֆրանցիսկո։ Օդանավի օդաչուն անձնագիր չի ունեցել, ավիաընկերությունը կազմակերպել է անձնակազմի փոխարինում, որպեսզի այդ երեկո ուղեւորներին տեղափոխեն իրենց նպատակակետ: Ուղեւորներին տրամադրվել են սննդի կտրոններ եւ փոխհատուցում անհարմարությունների համար։ Նոր անձնակազմը Շանհայում վայրէջք է կատարել վեց ժամ ուշացումով։





























