Ըստ Oceana ոչ առևտրային կազմակերպության չորեքշաբթի հրապարակած նոր վերլուծության՝ Coca-Cola-ի արտադրանքը մինչև 2030 թվականը կկազմի տարեկան մոտ 602 միլիոն կիլոգրամ պլաստիկ թափոն, որը կմտնի Համաշխարհային օվկիանոս և ջրային ուղիներ: Դրա մասին գրել է The Guardian-ը:

Այդքան պլաստիկը բավական է 18 մետրանոց կետերի ստամոքսը լցնելու համար: Զեկույցը պատրաստվել է միկրոպլաստիկ նյութերի՝ առողջությանը սպառնացող վտանգների վերաբերյալ աճող մտահոգությունների համատեքստում, որոնք գիտնականներն ավելի հաճախ են կապում քաղցկեղի, անպտղության և սրտի հիվանդությունների հետ:

Science Advances ամսագրում 2024 թվականին հրապարակված հետազոտության մեջ նշվում է, որ Coca-Cola-ն աշխարհի ամենամեծ պլաստիկ արտադրողն է, որին հաջորդում են PepsiCo-ն, Nestlé-ն, Danone-ը և Altria-ն:

Oceana-ի գնահատականը հիմնված է Coca-Cola-ի հրապարակած 2018-ից 2023 թվականների փաթեթավորման տվյալների վրա՝ զուգորդված վաճառքի աճի կանխատեսումների հետ, որը թույլ է տալիս ստեղծել «բիզնես՝ սովորական ռեժիմով» սցենարը:

Արդյունք. ըստ կանխատեսումների՝ մինչև 2030 թվականն ընկերության պլաստիկի սպառումը կգերազանցի տարեկան 4,13 միլիոն տոննան: Գնահատելու համար, թե այս պլաստիկից որքան կհայտնվի ջրային էկոհամակարգերում, հետազոտողները օգտագործել են գիտնականների միջազգային թիմի մշակած և 2020 թվականին Science ակադեմիական հանդեսում հրապարակած եղանակը և ստացել 602 միլիոն կիլոգրամ արդյունքը, ինչը հավասարզոր է  մոտ 202 միլիարդ կեսլիտրանոց շշերի:

Ըստ Oceana-ի՝ այս ապշեցուցիչ ցուցանիշը նվազեցնելու ամենաակնառու լուծումը բազմակի օգտագործման փաթեթավորումը վերադարձնելն է՝ լինի  ապակե շիշ, որը կարելի է կրկին օգտագործել 50 անգամ, թե՝ ավելի հաստ պլաստիկ տարաներ, որոնք կարող են օգտագործվել 25 անգամ:

2022 թվականին Coca-Cola-ն ինքն էլ ընդունեց, որ բազմակի օգտագործման փաթեթավորումը «թափոնները նվազեցնելու ամենաարդյունավետ միջոցներից մեկն է» և նպատակ դրեց մինչև 2030 թվականը փաթեթավորման մասնաբաժինն ավելացնել շուրջ 25%-ով:

Ընդսմին, հույսի հիմք կա. Coca-Cola-ն արդեն մի շարք երկրներում, դրանց թվում Բրազիլիայում, Գերմանիայում, Նիգերիայում և նույնիսկ Միացյալ Նահանգների որոշ մասերում, օրինակ՝ հարավային Տեխասում, բազմակի օգտագործման համակարգեր են գործում: