Եգիպտացի և ամերիկացի հնագետների խումբը Եգիպտոսում Նեղոսի ձախ ափին գտնվող Աբիդոս հնագույն քաղաքի տեղում հայտնաբերել է անհայտ փարավոնի գերեզմանը, որը, ենթադրաբար, 3600 տարեկան է: Այս մասին հայտնում է New York Times-ը (NYT):
Նրա տեղեկություններով՝ դամբարանը գտնվում է նեկրոպոլիսում՝ ավելի քան 7 մ խորության վրա։ Թաղման խուցը բաղկացած է գրեթե 5 մ բարձրությամբ թաղածածկ առաստաղով մի քանի սենյակներից։ Աբիդոսում փարավոնի գերեզմանի առաջին գտածոն, որը վկայում էր այնտեղ «կորած» թագավորական դինաստիայի գոյության մասին, հնագետներն արել են ավելի քան 10 տարի առաջ։ «Սա նոր գլուխ է այս դինաստիայի ուսումնասիրության մեջ: Դա բավականին հուզիչ է», - ասում է Ջոզեֆ Վեգները՝ պեղումների ամերիկյան տնօրենը՝ մեկնաբանելով երկրորդ դամբարանի հայտնաբերումը:
Ըստ NYT-ի, նմանությունները նորահայտ դամբարանի և 2014-ին հայտնաբերվածի միջև, որը պատկանում էր Սենեբ-Քեյ անունով թագավորին, հնագետներին ստիպել է եզրակացնել, որ անհայտ փարավոնը կարող էր լինել Աբիդոս դինաստիայի վաղ անդամներից մեկը: «Այս դամբարանը և Սենեբ Քեյի դամբարանը ամենավաղ պահպանված թագավորական դամբարաններից են՝ ներսում ներկված դեկորացիաներով», - նշում է Վեգները։ Այսպիսով, մուտքի պատի նկարները պատկերում են աստվածուհի Իսիսին և նրա քույր Նեփթիսին:




























