Պատանդ վերցված կինը Facebook սոցիալական ցանցի շնորհիվ փրկվել է:
Սոլթ Լեյք Սիթիի բնակչուհին, որն իր մեկուկես տարեկան որդու հետ իբրեւ պատանդ պահվում էր սեփական բնակարանում, հաջողացրել է հասնել նոութբուքին եւ հաղորդագրություն թողել սոցիալական ցանցում: Նա դրանով ապացուցել է, որ սոցիալական ցանցերը միայն շատախոսելու համար չեն նախատեսված:
Կնոջը եւ երեխային բռնի կերպով պահում էր ոմն Թրոյ Քրիթչֆիլդը: Տանջարարը նրանից խլել էր բջջային հեռախոսները, բայց հնարամիտ կինը հաջողացրել է նոութբուքի միջոցով Facebook մտնել եւ գրել, որ կմեռնի որդու հետ միասին, եթե օգնության չհասնեն:
Գրառումը կարդացողներից մեկը հայտնել է ոստիկանությանը, եւ ոստիկանները մեկնել են կնոջ բնակարան իրավիճակը ստուգելու:
«Facebook-ը նրա տան միակ կապի միջոց էր, եւ նա կարողացել է այն օգտագործել»,-ասել է ոստիկանության սերժանտ Ջոն Առնոլդը, հաղորդում է Associated Press-ը:
Քրիթչֆիլդը ձերբակալվել է եւ այժմ գտնվում է քաղաքային բանտում:




























