Երկուշաբթի երեկոյան խոշոր հրդեհը ոչնչացրել է 17 Tesla ավտոմեքենա Հռոմի արեւելյան ծայրամասում գտնվող ավտոսրահում, հայտնել է իտալական Adnkronos գործակալությունը՝ հղում կատարելով հրշեջ ծառայությանը։

Corriere della Sera թերթի տվյալներով՝ հրդեհից ամբողջությամբ այրվել է 9 ավտոմեքենա, եւս 15-ը վնասվել է։ Հրդեհի վայրում, բացի հրշեջներից, աշխատում են իրավապահ ծառայությունները։

Քննությունը չի բացառում ցանկացած վարկած, այդ թվում՝ դիտավորյալ հրկիզումը։ Հետաքննության ընթացքում մասնագետները պետք է ուսումնասիրեն տեսախցիկների ձայնագրությունները եւ հարցաքննեն ավտոսրահի սեփականատերերին։

Անցած շաբաթ անհայտ անձինք հրկիզել էին Tesla-ի 12 լիցքավորման կայաններ Ֆրանսիայի հարավ-արեւելքում գտնվող սուպերմարկետի կայանատեղիում, հայտնել է Agence France-Presse-ը՝ հղում կատարելով ոստիկանության աղբյուրին։ Ավտոկայանատեղիի ծածկին հայտնաբերվել է մակագրություն, որը կոչ է անում արշավ սկսել Tesla-ի դեմ։ Ոստիկանությունը հետաքննություն է սկսել, սակայն դեռեւս ձերբակալություններ չեն կատարվել։