Բաքվի պահանջով Թբիլիսիում ձերբակալված ադրբեջանցի լրագրող Աֆղան Սադիղովը ազատ է արձակվել բանտից, հայտնել է «Новости-Грузия-ն՝ հղում կատարելով Սադիղովի շահերը ներկայացնող Սոցիալական արդարության կենտրոնին (SJC):

«Ապրիլի 16-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը բավարարել է դատախազության միջնորդությունը եւ Աֆղան Սադիղովի նկատմամբ կիրառված արտահանձնման մասին որոշումը փոխարինել է գրավով»,- հայտնել են կազմակերպությունից։

SJC-ն միջնորդություն է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշման հիման վրա։ Փետրվարի վերջին Ստրասբուրգը վրացական իշխանություններին արգելել է Սադիղովին արտահանձնել Ադրբեջանին, քանի դեռ վերջինս չի ավարտել լրագրողի գործի քննությունը։

Սադիղովը ձերբակալվել էր 2024թ. օգոստոսի 3-ին Թբիլիսիում։ Վրաստանի իշխանությունները մտադիր են նրան արտաքսել Ադրբեջան, որտեղ նա մեղադրվում է շորթման մեջ։

Լրագրողը պնդում է, որ իր երկրում հարուցված գործը շինծու է։ Նա հացադուլ է հայտարարել բանտում՝ միաժամանակ պաշտպանություն փնտրելով Վրաստանում։

Ինչպես տեղեկացրել է «Новости-Грузия»-ն, Սադիղովին մերժել են փախստականի կարգավիճակ տալ, եւ նա հացադուլը դադարեցրել է միայն ՄԻԵԴ որոշումից հետո։

Աֆղան Սադիղովը ադրբեջանական Azel.tv կայքի գլխավոր խմբագիրն էր։ Նա հիմնականում լուսաբանում էր կոռուպցիայի եւ սոցիալական անարդարության հետ կապված հարցեր՝ հաճախ քննադատելով կառավարությանը եւ մերկացնելով տեղական պաշտոնյաների սխալ արարքները։

2020թ. Ադրբեջանում Սադիղովը շորթման մեղադրանքով դատապարտվել է յոթ տարվա ազատազրկման։ Այն ժամանակ նա չէր ընդունել մեղքը՝ մեղադրանքը կապելով իր մասնագիտական ​​գործունեության հետ։ Տեղի իրավապաշտպանները նրան ճանաչել են քաղբանտարկյալ։

2023թ. մայիսին Ադրբեջանի նախագահը ներում է շնորհել լրագրողներին։ Բռնաճնշումներից զգուշանալով՝ Սադիղովը տեղափոխվել է Վրաստան կնոջ եւ երեխայի հետ միասին։