Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունն առևանգել է թալիշական ծագումով Ռուսաստանի քաղաքացու, գրում է OC Media-ն։
Հաղորդվում է, որ թալիշ պատմաբան Զախիրադին Իբրահիմովն անհետացել է մարտի 26-ին Եկատերինբուրգում: Դրանից որոշ ժամանակ անց Ադրբեջանի հարավային Լենքորանի շրջանում գտնվող նրա հարազատները նամակ են ստացել Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունից, որտեղ Իբրահիմովի դեմ մի քանի, ներառյալ՝ դավաճանութան մեղադրանքներ են թվարկված։
Իբրահիմովը Ռուսաստանում ապրում է ավելի քան քսան տարի: Նա քաղաքացիություն է ստացել 2002 թվականին: Շվեդիայում վտարանդիի կարգավիճակում ապրող նրա ընկեր՝ թալիշ բլոգեր Ալի Աղաևը, պատմել է, որ իրենք միմյանց ճանաչում են 1989 թվականից:
«Նրանք նախապես ծրագրել էին այս ձերբակալությունը Ռուսաստանի իշխանությունների հետ, քանի որ մարտի 26-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը նամակ էր պատրաստել [Իբրահիմովի], գյուղ և այդ նամակը ստացվել էր ապրիլի 9-ին, բայց նա անհետացել էր մարտի 26-ին», -ասել է Աղաևը։
Թալիշներն Ադրբեջանի ամենամեծ ազգային փոքրամասնությունն են, որոնց թիվը գնահատվում է 500 հազարից մինչև մեկ միլիոն: Թալիշները երկար ժամանակ պայքարում են հանուն իրենց էթնիկ ինքնավարության և քաղաքացիական իրավունքների ապահովման, ներառյալ թալիշերենով կրթություն ստանալու հնարավորության համար։
«Զահիրադդինը [Իբրահիմովը] ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության անդամ էր, իսկ ես՝ «Մուսավաթ» [նույնխես ընդդիմադիր կուսակցության] անդամ: Նա պատմաբան էր և գրում էր թալիշ ժողովրդի պատմության, [և] մեր մշակույթի մասին», -պատմել է Աղաևը:
Վերջին անգամ Իբրահիմովը 2014 թվականին փորձել է այցելել Ադրբեջան, սակայն Լենքորանի օդանավակայանում նրան թույլ չեն տվել մուտք գործել երկիր։
Ռուսական տվյալներով՝ Իբրահիմովը 2012 թվականին ստեղծված թալիշական մշակույթի կենտրոնի հիմնադիրներից էր, նա նաև 2021 թվականին ստեղծված Սվերդլովսկի մարզի թալիշական ազգային մշակութային ինքնավարության հիմնադիրն էր։





























