Լավ նախաճաշը լավ օրվա երաշխիքն է․ ասում են Արևմուտքում, երբ նույնիսկ օրը սկսում են նախքան արևածագը։ Նախաճաշելու ամուր սովորույթներ ունեցող երկրներում անքննելի ճշմարտություն է․ նախաճաշը բարելավում է կենտրոնացումը, հիշողությունը, նյութափոխանակությունը, ուղեղի աշխատանքը, բարձրացնում է աշխատանքային արդյունավետությունը, տրամադրությունն ու զգոնությունը։
Հայաստանում, ցավոք, ոչ բոլորն են սիրում նախաճաշել, սակայն վստահաբար բոլորը կհամաձայնեն՝ երևանյան գարնանային վառ ու լուսավոր առավոտները համեղ նախաճաշային սեղանի շուրջ սկսելն օրվա մեկնարկի լավագույն տարբերակն է։ Այսօր ձեզ ենք առաջարկում երևանյան 4 բարձրակարգ ռեստորան, որտեղ ստեղծված են նախաճաշային վայելքի բոլոր պայմանները։
Սիզընս Սվիթլենդ․ հեքիաթային, նրբագեղ, առողջ

Սիզընս Սվիթլենդը Երևանի կենտրոնի հեքիաթային անկյունն է և տեղակայված է Սիզընս ռեստորանի և այգու անմիջապես հարևանությամբ։ Այն ամեն օր՝ ժամը 08։30-12։00-ն, առաջարկում է նախաճաշի լայն ընտրություն՝ մրգային թեթև նախաճաշերից մինչև ամենատարբեր նրբաբլիթներ, կրուասաններ, սենդվիչներ, բրիոշներ, կրեպներ, ձվածեղներ և լավագույն աղանդերների չկրկնվող ընտրանի։ Նրբագեղ ինտերիերը, բարձրակարգ սպասարկումն ու որակյալ մթերքները Սվիթլենդում ստեղծում են իդեալական միջավայր ընկերական ու գործնական հանդիպումների համար։ Ամենաբծախնդիր այցելուներին այստեղ առաջարկվում են շուրջ 40 տեսակի սուրճեր ու թեյեր, որոնք վաղ առավոտներին հաղորդում են իրենց հատուկ բույրն ու համը։ Սվիթլենդը եզակի է նաև իր հոգատար ու առողջարար ավանդույթով․ այստեղ ամեն առավոտ այցելուներին հյուրասիրվում է մեկ բաժակ Երեմյան ապրանքանիշի անարատ կաթ։ Սա Սվիթլենդի սիրո արտահայտումն է քաղաքի բնակիչներին և հյուրերին և սիրո կանոնը, երբ յուրաքանչյուր պատառը համի, հոգատարության ու առողջության մասին է։
Հիանալի նախաճաշից հետո հյուրերը կարող են իրենց հետ վերցնել քաղաքի ամենահամեղ աղանդերները՝ շարունակելով օրը քաղցրությամբ ու ջերմությամբ։
Լավաշ․ երևանյան նախաճաշերի կոլորիտային ռեստորանը

Լավաշ ռեստորանի մասին քաղաքում հաճախ են լեգենդներ պատմում։ Հանուն արդարության պետք է նշել, որ դրանց մեծամասնությունն իրոք համապատասխանում է իրականությանը։ Լավաշը տարիներ առաջ փոխեց երևանյան քաղաքային մոդեռն ռեստորանի մասին բոլոր պատկերացումներն ու կոտրեց կարծրատիպերը։ Ռեստորան, որն ակտուալ է վաղ նախաճաշից մինչ կիսգիշեր։ Ասում են՝ այստեղ վերադառնում են նույնիսկ ամենահեռավոր երկրներից Հայաստան ժամանած զբոսաշրջիկները։

Լավաշը երևանյան յուրահատկության մասին է՝ պարզ, բայց խորքային, տպավորիչ ու չպարտադրող, ինքնատիպ ու դետալային։ Լավաշը պատմություն է մարդկանց մասին, որոնք սիրում են Երևանն առաջին հայացքից։ Այս ռեստորանն ամեն առավոտ՝ 8։30-ից, հյուրերին է առաջարկում հայկական նախաճաշերի առանձնահատուկ ընտրություն։ Տապակած կանաչիներ, կաթնամթերքային, մսային ու ձկնային ռուլետներ, աղցաններ, մուրաբաներ․ տեղական ու ավանդական մթերքները Լավաշի խոհանոցում ստանում են թեթևություն, բույր, էմոցիա ու կյանք։
Լավաշը նրանց ընտրությունն է, որոնք գիտեն օրը լավաշաբույր ջերմությամբ, ժպիտներով, երևանյան հյուրընկալությամբ և հատընտիր համերով սկսելու իրական արժեքը։
Շերեփ․ քաղաքի սրտի համեղ զարկը

Շերեփ ռեստորանը գտնվում է Հանրապետության հրապարակի անմիջապես հարևանությամբ։ Զբոսաշրջիկների ամենասիրելի վայրը և TripAdvisor-ի թոփ 5 ռեստորաններից մեկը սպասում է իր հյուրերին ամեն առավոտ՝ ժամը 9։30-ից։ Շերեփի ընդարձակ սրահները, լուսավոր ու հանգիստ միջավայրը, զուսպ ու յուրօրինակ ինտերիերը, դեպի Հանրապետության հրապարակ բացվող տեսարանն ու ճաշացակի ճկունությունը հնարավորություն են տալիս այստեղ անցկացնել գործնական նախաճաշեր, ընտանեկան ու ընկերական առավոտյան ջերմ հանդիպումներ։ Ամենաթեթև նախաճաշերից մինչև գյուղական խաչապուրի ու պանրով ձվածեղ․ Շերեփի բաց խոհանոցը նախաճաշելու գեղեցիկ ընթացքը դարձնում է նաև ստեղծագործ․ չէ՞ որ սիրելի նախաճաշի պատրաստմանը հետևելը միշտ հաճելի ու նրբաբույր է։
Ինչպես Լավաշում, այնպես էլ Շերեփում, հյուրերը հետևում են նաև հայկական լավաշի պատրաստման ավանդական եղանակին։ Տեսարան, որ ամեն անգամ զարմացնում է իր հրաշագործությամբ՝ թոնրի ու բարակ խմորի թեժ հանդիպմամբ։
ՍանտաՖե․ Կասկադի և Օպերայի նրբահամ խաչմերուկը

Ի տարբերություն մյուս ռեստորանների՝ ՍանտաՖեն չունի նախաճաշային հատուկ մենյու, սակայն իր բազմազան ճաշացանկի արդյունքում այստեղ հնարավոր է համեղ և հետաքրքիր նախաճաշել։ Տպավորիչ համերից զատ՝ Սանտաֆեն նախևառաջ տպավորիչ տեսարանների մասին է։ Եզակի վայր, որտեղ հայացքի մի շեղումով աչքերի առջև են հայտնվում Երևանի ամենամոնումենտալ ճարտարապետական կոթողները՝ Կասկադ համալիրն ու Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնը։ Բացօթյա այս ռեստորան-սրճարանը սպասում է իր հյուրերին ամեն օր 10։00-ից՝ պատմելու, որ Երևանը նախևառաջ արևի, ճաշակի և տաք սիրո մասին է։




























