Հայաստանի գործող իշխանությունները վարում են հակաարցախյան քաղաքականություն։ Նրանք նույնիսկ սեփական ծրագրերը չեն իրականացնում։ Այս մասին Ադրբեջանի ղեկավարության կողմից իրականացվող հայատյացության քաղաքականությանը նվիրված քննարկմանը հայտնել է քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը։
Նրա խոսքով՝ սեփական ձախողումներն արդարացնելու համար իշխանությունները մեղադրում են բոլորին՝ ռուսներին, ֆրանսիացիներին։ Միաժամանակ Շառլ Միշելի միջնորդությամբ Արցախը ճանաչեցին որպես Ադրբեջանի մաս։ «Անկախ նրանից, թե ինչ են ասում Շառլ Միշելը եւ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, այսօր նրանք կան, վաղը չկան: Թող Միշելը հիմա գա ու տեր կանգնի արցախահայությանը։ Քանի՞ հայ է ուղղակի մահանում սրտի կանգից՝ չդիմանալով տեղի ունեցողին, իսկ որտե՞ղ է Միշելը»,- ասել է քաղաքագետը։
Նա ընդգծել է, որ Ադրբեջանում միշտ հակահայկական քաղաքականություն է վարվել եւ մեջբերել է Հեյդար Ալիեւին Լեռնային Ղարաբաղում հայերի եւ ադրբեջանցիների ժողովրդագրական հարաբերակցությունը փոխելու ջանքերի մասին։ Միաժամանակ քաղաքագետը մասնավորապես ընդգծել է, որ Եվրախորհրդարանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքի օրինականությունը։
Ինչ վերաբերում է հայերի Արցախ վերադարձին, ապա քաղաքագետը տրամաբանական է համարում այն հարցը, թե ինչ կարգավիճակով, քանի որ Իլհամ Ալիեւը օրը 24 ժամ ասում է, որ հայերը կարող են վերադառնալ, բայց Ադրբեջանի սահմանադրությամբ։





























