ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր լրագրողներին ասել է, թե իր վարչակազմը Չինաստանի հետ «արդար գործարքի» կգա առևտրի հարցում՝ հավելելով, որ երկրների հետ բանակցությունները «շատ լավ են ընթանում», հաղորդում է CNN-ը։

Սպիտակ տանը Թրամփին տրված հարցին, թե արդյոք նա ակտիվորեն բանակցում է Չինաստանի հետ, ԱՄՆ նախագահը պատասխանել է. «Ակտիվորեն: Ամեն ինչ ակտիվ է»:

«Յուրաքանչյուր երկիր ցանկանում է մասնակից լինել, նույնիսկ նրանք, ովքեր մեզ շատ ու շատ տարիներ թալանել են։ Չինաստանը օրինակ է, բայց միայն Չինաստանը չի, նաև՝ Եվրամիությունը։ Նրանք մեզ թալանել են տարիներ շարունակ, ու այդ օրերն անցել են։ Մենք կկարողանանք էապես նվազեցնել հարկերը»- հավելել է նա։

Թրամփը նախօրեին ազդարարեց Չինաստանի հետ իր առևտրային պատերազմի հնարավոր շրջադարձի մասին շուկայի շարունակվող անկայունության պայմաններում՝ հայտարարելով, որ չինական ապրանքների վրա բարձր մաքսատուրքերն էապես կնվազեն, բայց զրոյական չեն դառնա: