Թրամփի վարչակազմը Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյա Մայքլ Անտոնին նշանակել է Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում ԱՄՆ տեխնիկական թիմի ղեկավար, գրում է Politico-ն՝ վկայակոչելով երկու ամերիկացի պաշտոնյաների։
Անտոնը՝ Պետքարտուղարության քաղաքականության պլանավորման տնօրենը, գլխավորում է, գործարքի մանրամասների շուրջ բանակցող՝ հիմնականում տարբեր գերատեսչությունների պրոֆեսիոնալ պաշտոնյաների՝ մոտ մեկ տասնյակից ավելի բաղկացած թիմը, որը զգալի սահմանափակումներ կսահմանի Իրանի միջուկային ծրագրի վրա՝ պատժամիջոցների չեղարկման դիմաց:
Հաղորդվում է, որ նա շաբաթավերջին իրանցի պաշտոնյաների հետ կանցկացնի փորձագիտական բանակցությունների առաջին փուլը, որից հետո հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հաջորդ շաբաթ կրկին կհանդիպեն Հռոմում:
Պարբերականի տվյալներով՝ Անտոնը Ուիթքոֆին ուղեկցել է Հռոմում կայացած բանակցությունների վերջին փուլին։
«Նա իդեալական է այս աշխատանքի համար՝ հաշվի առնելով նրա փորձն ու ինտելեկտը: Ամենակարևորը, նա կապահովի, որ նախագահ Թրամփի ծրագիրն իրականացվի այս հարցում», -ասել է վարչակազմի ներկայացուցիչը:
Անտոնը վարչակազմի քիչ հայտնի և ավելի ու ավելի ազդեցություն ձեռք բերող պաշտոնյա է, որը ծառայել է Ազգային անվտանգության խորհրդում Թրամփի առաջին վարչակազմի ժամանակ, իսկ ավելի ուշ եղել է պահպանողական Քլերմոնթի ինստիտուտի գիտաշխատող:





























